Սերյոժա Ավետիսյանի մոտ վնասված գլխուղեղի վերականգնման նշաններ են ի հայտ գալիս
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակի գնահատման նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ այսօր անցկացվել է երկրորդ կոնսիլիումը` Ռուսաստանի Դաշնությունից ժամանած ռուս և տեղի առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Մանրամասն քննարկվել են նախորդ զննությունից հետո անցած 12 ժամվա ընթացքում փոքրիկի մոտ արձանագրված ամենափոքր իսկ փոփոխությունները։ Նշվել է, որ իրականացված բուժման, այդ թվում` գլխուղեղի փորոքների դրենավորման շնորհիվ վնասված գլխուղեղի վերականգնման նշաններ են ի հայտ գալիս։ Վերլուծելով գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքները` հենց կոնսիլիումի ընթացքում կազմակերպվել են լրացուցիչ որոշ հետազոտություններ։ Մանրամասն քննարկվել են երեխայի օրգան- համակարգերի գործունեության ապահովման հնարավորությունները, հնարավոր բարդությունների հավանականությունը, դրանցից խուսափելու ուղիները։ Արդյունքում մշակվել է բուժման հետագա ռազմավարություն։
Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, անվանի նյարդավիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը շեշտել է, որ պետք է հիշել, որ երեխան շատ ծանր վնասվածք է ստացել, ինչը մեծ վնաս է հասցրել ամբողջ օրգանիզմին:
«Աստիճանական բուժումն ընթանում է ըստ ծրագրածի: Գործընկերների հետ կայացած բավականին արդյունավետ քննարկումը հնարավորություն կտա բուժման ճշգրիտ ռազմավարություն իրականացնել: Շատ հարցերում մեր կարծիքները համընկնում են: Այժմ առկա է կայունացման միտում»,- ասել է պրոֆեսորը:
Նրա խոսով, այն ինչին դիմակայել է երեխան, և ինչին հաջողվել է հասնել մասնագետների միահամուռ ջանքերի շնորհիվ` արդեն իսկ մեծ հաջողություն է:
Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Վալերի Ամչիսլավսկին նշել է, որ ինքը գործընկերների հետ Երևանում է ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի, ՌԴ նախարարության հանձնարարությամբ:
«Մենք այստեղ ենք և պատրաստակամ աջակցելու երեխայի առողջական առկա խնդիրներին մեր մասնակցությամբ լուծումներ տալու համար: Փորձում ենք այնպես անել, որ իրավիճակի համատեղ վերլուծությունը դրական հանգուցալուծում, արդյունք տա»,- ասէ պրոֆեսորը:
Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վալենտին Պալմն էլ նշել է, որ հայաստանյան գործընկերների հետ իրենց միավորում է միևնույն վիրաբուժական դպրոցը, երեխայի բուժման ընթացքի վերաբերյալ նույն մոտեցումները:
Նա վստահեցրել է, որ մասնագիտական քննարկումները հնարավորություն կտան ապահովելու բուժման առավել արդյունավետ ընթացք:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա