Բակո Սահակյան. Բաքվի վարած քաղաքականությունը լուրջ հարված է հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Բաքվի նման քաղաքականությունը վտանգում է կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում և լուրջ հարված հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին:
Բակո Սահակյանն ընդգծել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը համապատասխան գնահատական տալու և այս ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը: