Բաքվի ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում
Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի է ունեցել 1990թ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Հիշատակի միջոցառմանը ներկա են եղել Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, աջարահայության հոգևոր հովիվ, Արարատ քահանա Գումբալյանը, Բաթումի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դիմելով ներկաներին` Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսն անդրադարձել է 25-ամյա վաղեմության իրադարձություններին` ընդգծելով, որ Բաքվում հայ ազգաբնակչության կոտորածները Ադրբեջանի կողմից, ի պատասան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ձգտումների, Արցախում և Ադրբեջանի հայաբնակ վայրերում կազմակերպած և իրականացրած էթնիկ զտումների քաղաքականության փուլերից մեկն էր: Արամ Գրիգորյանը կարևորել է, որպեսզի տեղի ունեցած այդ վայրագությունները մասնավորապես և ադրբեջանական ագրեսիան` ընդհանրապես, համապատասխան գնահատականի և դատապարտման արժանան միջազգային հանրության կողմից:
Այնուհետև Արարատ քահանա Գումբալյանի կողմից անցկացվել է անմեղ զոհերի ոգեկոչման կարգ, որից հետո բոլոր ներկաները տեղափոխվել են եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ: Հոգևոր հովիվը, ընդգծելով տեղի ունեցած վայրագությունների անհարիրությունը քրիստոնեական արժեքներին, հույս է հայտնել, որ այդ գազանային կոտորածների հեղինակները վաղ թե ուշ կանգնելու են Աստծո և մարդկային դատաստանի առջև՝ իրենց աներևակայելի չարագործությունների համար պատասխան տալու համար:
Ներկաները հարգել են նաև հունվարի 12-ին Գյումրիում դաժան սպանության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի անմեղ զոհերի հիշատակը: Միջոցառման վերջում ծաղկեպսակներ են զետեղվել խաչքարի առջև:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան