«Դինքի սպանության գործում գլխավոր կասկածյալը Ջիզրեի ոստիկանապետն է». Սարգիս Հացպանյան
«Ութ տարվա մեջ բավականին բան է փոխվել Թուրքիայում: Ութ տարի առաջ և այսօր տարբեր է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ազատամարտիկ, Հրանտ Դինքի մանկության ընկեր, հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
Ըստ Հացպանյանի՝ թուրքական այսօրվա իշխող կուսակցությունը՝ ԱԶԿ-ն, որն իսլամական ուղղության կազմակերպություն է, արդեն տասնմեկ տարի միանձնյա իշխանություն է վարում Թուրքիայում: Հացպանյանը նշեց, որ ժամանակին Հրանտ Դինքը, որն ընդդիմադիր էր, ողջունել է ԱԶԿ քաղաքականության գլուխ կանգնելը՝ գտնելով, որ կուսակցությունն ավելի լավ է քաղաքականությամբ զբաղվի, քան կրոնով:
«Հանրապետական Թուրքիան իր ողջ գոյության ընթացքում միայն այժմյան իշխանություն կազմող քաղաքական միավորի օրոք է, որ այլ ազգի պատկանող մարդիկ մի քիչ շունչ են քաշել»,- նկատեց Սարգիս Հացպանյանը:
Ըստ Հացպանյանի՝ հետաքրքիր է, որ Դինքի սպանությունը նրանց օրոք կատարվեց: Այստեղ հրապարակախոսը կարևորեց «պետություն պետության մեջ» անվամբ Էրգենեկոն պանթուրանական կազմակերպության դերը, որի անդամներից շատերը կապ ունեն Դինքի սպանության մեջ: Ըստ նրա՝ ցմահ դատապարտված Էրգենեկոնի անդամներին բաց թողնելն ԱԶԿ կողմից ցույց է տալիս, որ ԱԶԿ-ն կողմ է Էրգենեկոնի գործունեությանը:
Անդրադառնալով Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությանը, Հացպանյանը նշեց, որ Անկարան մեսիջ է ուղարկում, թե ողջ կծիկը այս գործի շուրջ քանդվելու է և 2015-ին ամբողջությամբ բացահայտվելու է: Հրապարակախոսը նշեց, սակայն, որ հայկական շրջանակների համար այդ կծիկը վաղուց է քանդված:
Ըստ նրա՝ Թուրքիան ևս մեկ մեսիջ ունի: Հենց պանթուրանական կազմակերպության անդամ մի անձ այժմ ոստիկանապետն է Իրաքի սահմանում գտնվող Ջիզրե քաղաքի, և այդ մարդն այնտեղ անընդհատ էթնիկ բախումներ է հրահրում: Ըստ Հացպանյանի՝ նա գլխավոր կասկածյալն է Դինքի սպանության գործում, և բոլոր ապացույցները կան, որ նա է գլխավոր գործող անձը: Չնայած այս փաստին, Հացպանյանը նշեց, որ այդ մարդը միշտ բարձր պաշտոնների է եղել:
«Սա Թուրքիայի թերթերի և սյունակագիրների թեման է դարձել, և ես կարծում եմ՝ այդ մարդուն պաշտոնանկ կանեն: Չգիտեմ՝ այդպես կլինի, թե չէ»,- ասաց Հացպանյանը:
Ըստ նրա՝ պետական ատյանից ինչ-որ «դրական» քայլեր կան Թուրքիայում Դինքի գործով:
«Ես խնդրում եմ՝ իմ ասած «դրական» բառը չակերտների մեջ հասկանալ»,- հայտարարեց Հացպանյանը՝ հավելելով, որ Թուրքիայում ապրող քաղաքացու կարգավիճակը հասկանալով, պետք է նկատենք, որ մեկ հայի սպանությունն այնտեղ գրեթե ոչինչ է:
«Ի՞նչ տարբերություն, մեկ հայ պակասեց, այն էլ այնպիսի մարդ, որ հասարակության հետ խոսելու բանալին գտել էր»,- նշեց Հացպանյանը՝ ավելացնելով, որ իր կարծիքով, հայկական շրջանակներում չկար այնպիսի մեկը, բացի Դինքից, որը կկարողանար խոսել թուրք հասարակության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին