Թուրքիայի վարչապետի հայ խորհրդականն անդրադարձել է հայկական և թուրքական կողմերի փոխադարձ հրավերներին
Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը «TRT Turk»-ի հեռուստաեթերից անդրադարձել է այս տարվա ապրիլի 24-ին` Հայաստանում և Թուրքիայում սպասվելիք միջոցառումներին և մասնակցության փոխադարձ հրավերներին:
Ermenihaber.am լրատվականը հայտնում է, որ Մահչուփյանը նախ դրական է գնահատել 2014-ի ապրիլի 23-ին հայերին հղված Էրդողանի ցավակցական ուղերձը: Կարևորել է նաև Չանաքքալեի (Դարդանելի) ռազմական գործողությունների 100 ամյակին նվիրված միջոցառումներին ՀՀ նախագահին մասնակցության հրավեր ուղարկելու փաստը: Իր ձևակերպումներում Մահչուփյանը 1915-ի վերաբերյալ չի գործածել «ցեղասպանություն» եզրը` նախորդ դարասկզբի իրադարձություններն անվանելով հայերի տեղահանություն:
Հիշեցնելով ՀՀ նախագահի` ավելի վաղ Էրդողանին ուղարկած ապրիլքսանչորսյան միջոցառումներին մասնակցելու հրավերը` Մահչուփյանը նշել է, որ հրավերների այդ փոխադարձությունը էական կարևորություն ունի:
«Հուսամ, որ այդ հրավերներին երկու երկրներից էլ մասնակցություն կլինի: Չէ՞ որ Դարդանելիի մարտերում ոչ միայն թուրքեր, այլ նաև հայեր են զոհվել: Դա օսմանյան պետության պատերազմն էր, և բոլոր այդ կորուստներն օսմանցիների կորուստներն էին: ՀՀ նախագահը եթե կապ է զգում այդ պատերազմում զոհված հայերի հետ, ուրեմն ի պատասխան Էրդողանի հրավերին պետք է գոնե ներկայացուցիչ ուղարկի իր չմասնակցելու դեպքում», -ասել է Դավութօղլուի հայ խորհրդականը:
Այնուհետև նշել է, որ հայերի տեղահանության ժամանակ մեկուկես մլն հայերին փորձել են պաշտպանել կամ օգնել բազմաթիվ մահմեդականներ, որոնք սպանվել են պետության կամ երիտթուրքերի կողմից:
«Եվ հիմա գուցե Թուրքիայում կգտնվեն մարդիկ, ովքեր այդ զոհված մուսուլմանների հիշատակը հարգել կցանկանան: Այսպիսով, 1915 թվականի իրադարձությունները միայն հայերին չէ, որ վերաբերում են: Հետևաբար, երկու կողմերն էլ պետք է անպատասխան չթողնեն փոխադարձաբար միմյանց արված ժեստերը»,- եզրահանգել է Մահչուփյանը: