Ռուս սահմանապահները թույլ են տվել օրենքի կոպիտ խախտում. Զ. Փոտանջյան
Այս բոլոր իրադարձությունները հենց այնպես տեղի չեն ունենում: Գյումրու միջադեպը նույնպես պետք է այս ամենի համատեքստում դիտարկել, այլ ոչ թե նայել որպես մեկ մասնավոր դեպք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադարձ կատարելով Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններին:
«Այս իրավահարաբերությունները, որոնք գոյություն ունեն Հայաստանի ու ՌԴ միջև, Ռուսաստանին պարտավորեցնում են կասկածյալին հանձնել հայկական կողմին: Այդ պարտավորությունները, որոնք համաձայնեցված են ինչպես ռազմաբազա տեղակայելու շուրջ, այնպես էլ սահմանապահ զորքերի պայմանագրով, թույլ է տալիս Պերմյակովին հանձնել հայկական կողմին»,- շեշտեց պատգամավորը:
Նրա խոսքերով ռուս սահմանապահները թույլ են տվել օրենքի կոպիտ խախտում:
«Այստեղ շատ կարևոր երկու տերմին կա՝ հանձնում և փոխանցում: Նրանց իրավազորության ներքո չի գտնվում մեզ հանձնել, մենք պահանջենք, ուղղակի սահմանապահներն այդ պահին նրան պետք է վերցնեին արգելանքի տակ և փոխանցեին մեզ, ոչ թե հանձնեին»,-մանրամասնեց Փոստանջյանը՝ նշելով, որ մեր իրավազորությունը մեզնից վերցրել են ապօրինի:
«ՀՀ քաղաքացիները կարող են և ռազմաբազայի գործունեության համաձայնագրի վերաբերյալ, և սահմանապահ զորքերի վերաբերյալ պայմանագրերի դադարեցման արդարացի ձայն բարձրացնել»,-ավելացրեց պատգամավորը:
Անդրադառնալով հարցի բարոյական կողմին՝ նա նշեց, որ ՌԴ համար ՀՀ-ի նկատմամբ հարգալից վերաբերմունքը բխում է հենց Ռուսաստանի շահերից:
«Մենք այս պարագայում հասկանում ենք, որ ՌԴ-ն չունենալով բազմաթիվ ռազմաբազաներ աշխարհի պետություններում, ուղղակի պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել իր ռազմաբազայի զինծառայողի և ռազմաբազայում տեղի ունեցող բարքերի նկատմամբ»: