Չավուշօղլու. «Մենք հայկական պնդումների դեմ ներկայացնում ենք Թուրքիայի թեզերը»
«Հայկական պնդումների դեմ աշխատանքներ ենք տանում, որոնք համակարգված ձևով առաջ են գնում»: «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արտգործնախարարության արխիվի շենքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Թուրք նախարարը իրականացվող հակաքայլերից հատկապես կարևորել է Դարդանելի (Չանաքքալե) ռազմական գործողությունների 100 ամյակին նվիրված միջոցառումների անցկացումը:
«Մենք, ինչպես արտգործնախարարության, այնպես էլ մնացած կառույցների միջոցով հայկական պնդումների դեմ ներկայացնում ենք Թուրքիայի թեզերը: Դարդանելի մարտերի 100-րդ տարելիցին խաղաղություն խորհրդանշող միջոցառումներ ենք անցկացնում: Մի շարք երկրների հրավերներ ենք ուղարկել: Հրավերներն իրենց պաշտոնակիցներին ուղարկում են նախագահ էրդողանն ու վարչապետ Դավութօղլուն: Հայաստան էլ հրավիրվածների ցանկում է, քանի որ Օսմանյան կայսրության բանակում հայ զինվորներ էլ են կռվել»:
Ավարտելով խոսքը՝ թուրք նախարարը նշել է, որ իրենց գործը հրավիրելն է, իսկ մասնակցել-չմասնակցելու հարցն երկրների առաջնորդների որոշելիքն է: