Ավստրիայում տեղի է ունեցել Կոմիտասի 145-ամյակին նվիրված խտասկավառակի շնորհանդեսը
Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հունվարի 18-20-ը աշխատանքային այցով եղել է Ավստրիայի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություից:
Նախարարը ներկա է գտնվել Ավստրիայի Կարինթիա երկրամասի մայրաքաղաք Քլագենֆուրտի «Կոնցերտհաուս» համերգասրահում տեղի ունեցած երգահան և դաշնակահար Կարեն Ասատրյանի երգչախմբի և ջազային քառյակի համար գրած «Աղոթքի անիվ» պատարագի պրեմիերային: Ստեղծագործությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին և ավստրիացի հանդիսատեսի կողմից ողջունելության արժանացավ:
Հունվարի 19-ի առավոտյան նախարար Պողոսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Ավստրիայի Արվեստների և մշակույթի, սահմանադրության և լրատվամիջոցների դաշնային նախարար, դոկտոր Յոզեֆ Օստերմայերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը:
Նախարար Պողոսյանը և դաշնային նախարար Օստերմայերը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի մշակույթի նախարարության և Ավստրիայի վարչապետարանի միջև արվեստի և մշակույթի բնագավառում համագործակցության մասին:
Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի և ավստրիական գործընկերոջ կողմից ի պատիվ Հասմիկ Պողոսյանի տրված պաշտոնական ճաշի ընթացքում քննարկվել են մշակույթի և արվեստի ոլորտներին առնչվող երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Հունվարի 19-ի երեկոյան նախարար Պողոսյանը մասնակցել է Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում դեսպանության կողմից կազմակերպված հայ արվեստին և Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին նվիրված միջոցառմանը:
Միջոցառմանը ներկա են եղել Ավստրիայի խորհրդարանի անդամներ, մշակութային կառույցների, Ավստրիայի արտաքին գերատեսչության, կառավարական այլ մարմինների, լրատվամիջոցների, հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով կարևորել է նույն օրը Ավստրիայի վարչապետարանում ստորագրված հայ-ավստրիական մշակութային համագործակցության հուշագիրը, ներկայացրել է մշակույթի ոլորտում երկու երկրների միջև ընթացող և նախանշվող գործակցության հանգրվանները:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նախարար Հասմիկ Պողոսյանը, ով այնուհետև նախարարության կողմից սահմանված «Գրանշան» 2013թ. առաջին մրցանակի դիպլոմը է հանձնել ավստրուհի Լիզա Շուլցին:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված հեղինակի կյանքն ու ստեղծագործությունները ներկայացնող խտասկավառակների հավաքածուի շնորհանդեսը, որը ներկայացրել է նախագծի հեղինակ Ռուբեն Տոնիկյանը:
Վիեննաբնակ հայաստանցի կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Վիգեն Կզարթմյանը ներկայացրել է Կոմիտասին նվիրված իր «Ծիրանի ծառ» երաժշտական նախագիծը, որը Կոմիտասի դրամատիկ և հոգևոր ստեղծագործությունների վերամշակման փորձ է ժամանակակից կինոերաժշտության արտահայտչաձևերով՝ գործիքավորված դասական-սիմֆոնիկ նվագախմբի և ժողովրդական գործիքների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու