Թուրքիան ծրագրել է արտադրել սեփական լազերային զենք
Թուրքիան առաջիկա տարիներին սեփական արտադրության լազերային զենք է պատրաստվում թողարկել: Այդ մասին հայտնում է «Ermenihaber.am» լրատվականը` վկայակոչելով թուրքական «Աքշամ» պարբերականը:
Աղբյուրի համաձայն` նախագծի մեկնարկը տրվել է 2013-ին «TÜBİTAK»-ի (Թուրքիայի գիտատեխնոլոգիական հետազոտությունների կենտրոն) պաշտպանության և անվտանգության տեխնոլոգիաների հետազոտման աջակցության խմբի (SAVTAG) կողմից:
«Մեծ հզորության լազերային համակարգի» արտադրությամբ համատեղ զբաղվում են գիտատեխնոլոգիական հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայի խոշորագույն ռազմաարդյունաբերական ընկերությունը (ASELSAN) և Բիլքենթի համալսարանը:
Արդեն ստեղծված է զենքի առաջին նախատիպը, այն հաջողությամբ անցել է փորձարկումները: Այդ զինատեսակի արտադրության նախագածի իրականացմանն անհրաժեշտ բյուջեն կազմել է 120 մլն լիրա (շուրջ 60 մլն դոլար):
Լազերային զենքի արտադրության ծրագրի գործարկումը նախատեսված է առաջիկա վեց տարիների համար: Այն կընթանա երկու փուլով. առաջինը` չորս, իսկ երկրորդը` երկու տարի տևողությամբ:
Զենքը կիրառելի կլինի ցամաքային, ջրային և օդային միջավայրում: Այն նախատեսվում է հատկապես անօդաչու ինքնաթիռների, կառավարվող ռումբերի, հրթիռների ոչնչացման համար:
Նշվում է, որ իր բյուջեով այն ավելի ձեռնտու կլինի, քան բազմազան այլ ռումբերի արտադրությունը: