Ադրբեջանի ծարահեղականները վիրավորել են ժողովրդին, պետությանը և «հունվարի 20-ի դեպքերի» ընթացքում սպանվածներին
Ադրբեջանում բնակվող ծայրահեղականները` վահաբականները, սոցցանցերում «հունվարի 20-ի դեպքերի» հետ կապված հերթական վիրավորական արտահայտություններ են արել Ադրբեջանի ժողովրդի, պետության, այդ ընթացքում սպանվածների հասցեին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Faktxeber.com կայքը:
Ինչպես նշված է նյութում, 2014-ի օգոստոսին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում Ադրբեջանի որակմամբ «շեհիդ» դարձած զինծառայողների հասցեին անհարգալից գրառումներ հեղինակած վահաբականներն այժմ էլ վիրավորանքներով լի գրառումեր են թողնում սոցցանցերում` ուղղված «հունվարի 20-ի «շեհիդներին»:
Կայքը մանրամասնում է, որ ադրբեջանցի ծայրահեղականներն օգոստոսյան զոհ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներին անվանել էին «լեշ», Ադրբեջանը` «դագաղ, անաստվածների երկիր», իսկ ահա հունվարյան դեպքերի ժամանակ սպանված ադրբեջանցիներին որակել են հարբեցողներ», «պոռնիկներ», հունվարի 20-ի գիշերը Բաքվում կատարվածը` «կրկես»:
Կայքը ցիտել է սոցցանցերում ադրբեջանցի վահաբակաների գրառումը. «Գիշերը ռուսների զինվորների առաջ դուրս եկած հարբեցողներին և պոռնիկներին Ադրբեջանը շեհիդ է անվանել ու վիրավորել իսլամը: Ինչպե՞ս կարելի է Սիրիայում նահատակվածին և փողոցի անկյունում սեփական մարմինը վաճառելու ժամանակ գնդակահարվածին միևնույն շեհիդ անունը տալ»:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի սալաֆիականները կամ վահաբականներն առաջին տարին չէ, որ մարտնչում են Սիրիայում, Աֆղանստանում ու Պակիստանում տարբեր ահաբեկչական խմբավորումների կազմում: Ադրբեջանի և միջազգային ահաբեկչական խմբավորումների առնչությունները սկիզբ են առել դեռևս 1990-ականներին՝ Արցախյան պատերազմի տարիներին: Այդ ժամանակ էլ Հեյդար Ալիևի գլխավորությամբ երկրի ղեկավարությունն Արցախի հայ բնակչության դեմ պատերազմում դիմել է Աֆղանստանից, Թուրքիայից, Չեչնիայից իսլամիստական խմբավորումների օգնությանը: Այս խմբավորումների անդամ ահաբեկիչներին հաջողվել է անհրաժեշտ կապեր հաստատել Ադրբեջանում՝ սկսելով Ադրբեջանի քաղաքացիների հավաքագրումը, որոնց ուղարկում էին կռվելու Աֆղանստան ու Հյուսիսային Կովկաս: Այստեղ նրանք մարտնչում էին միջազգային կոալիցիոն ուժերի ու ռուսական կառույցների դեմ: Վերջին տարիներին Ադրբեջանի քաղաքացիներն ակտիվորեն մասնակցում են ՌԴ-ում, Աֆղանստանում, Սիրիայում և Իրաքում ծայրահեղական խմբավորումների վարած մարտերին:
Նկատենք նաև, որ 1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում, որտեղ մնացել էին 35 000 –ից քիչ հայեր, սկսվել են ջարդեր հայ բնակչության նկատմամբ: Նախապես կազմվել էին բնակարանների ցուցակները, որտեղ բնակվում էին հայերը. ջարդարարները քայլում էին այդ ցուցակներն իրենց ձեռքերում: Մի շարք վայրերում նրանց օգնություն է ցուցաբերել Ադրբեջանի ՆԳՆ-ն: Սպանվել են հարյուրավոր մարդիկ: Միաժամանակ, ինչպես գրել է գեներալ Լեբեդը, ադրբեջանցի ազգայնականները սպանել են ոչ միայն հայերի, այլ նաև լեզգիների, օսերի և վրացիներերի: Բացի այդ, բռնության ալիք է բարձրացել նաև քաղաքի ռուս բնակչության դեմ: Խորհրդային հատուկ նշանակության զորքերը նույնիսկ հայտնաբերել են հայերի և ռուսների դիերով լցված ջրհոր:
Հարկ է շեշտել, որ հենց 1990-ի հունվարի գիշերը` մեկ շաբաթ տևած ջարդերից հետո, Բաքու են մտցվել խորհրդային զորքեր: Ադրբեջանցի գրոհայինները կրակել են նրանց ուղղությամբ, ինչի պատճառով էլ սպանվել են 28 և վիրավորվել ավելի քան 100 խորհրդային զինվորներ: Հայերի ինքնապաշտպանական գործողությունների ընթացքում սպանված ադրբեջանցի ջարդարարներին, ինչպես նաև զորքեր մտցնելու ընթացքում սպանված գրոհայիններին Ադրբեջանի կառավարությունը կոչել է «շեհիդներ»: Ադրբեջանի պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ «հունվարի 20-ի դեպքերի» ընթացքում զոհվել են 131 քաղաքացիներ:
Նյութեր թեմայի շուրջ՝
Իսկ ադրբեջանցիները հայերին նետում էին պատուհաններից. ԽՍՀՄ պաշտպանության նախարար
Ադրբեջանի հատուկ ծառայությունները չեն խոչընդոտի ծայրահեղականների՝ Սիրիա մեկնելուն
Ադրբեջանում արմատականներին ֆինանսավորող «Ջիհադի հիմնադրամ» է գործում. ադրբեջանական մամուլ
Ադրբեջանում հրդեհել են Բաքվի ավաններից մեկի մզկիթը` սալաֆիականների հավաքատեղին
Ադրբեջանը կրոնական անհանդուրժողականության բարձր մակարդակով երկրների շարքում է. «Կրոնական ազատություն 2014»