Արգելվել է Չինաստանից թռչնամթերքի ու միջադիրների ներկրումը
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրված թռչնի գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով արգելվել է այդ երկրից թռչնի, թռչանմթերքների ներմուծումը: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ծառայության պաշտոնական էջից:
Պետի հրամանում ասվում է. «1. Ժամանակավորապես արգելել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերի, լրացակերի (բացառությամբ սինթեթիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:
2. Սույն հրամանի գործողությունը չի տարածվում մինչև 2015 թվականի հունվարի 1-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից արտահանված (դուրս բերված) սույն հրամանի 1-ին կետում նշված ապրանքների վրա:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի ապրիլի 16-ի «Ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» N 176-Ա հրամանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»: