HSBC-ի աշխատակցի գործ. Առուշանյաններն արդարություն են պահանջում
HSBC բանկի գլխավոր մասնագետ Աշոտ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել: Panorama.am-ի հետ զրույցում Ա. Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ դեկտեմբերի 26-ին բողոքը մուտք է արել Վճռաբեկ դատարան, վարույթ ընդունելու որոշում դեռ չի կայացվել:
«Այս գործով չորս դատական ակտ է կայացվել, մեկը մյուսից շատ տարբեր: Գլոբալ հարցեր են բարձրացված: Հույս ունեմ, որ գոնե բողոքը վարույթ կընդունվի ու դրական պատասախան կստանանք»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում արդարության չհասնելու դեպքում անպայման դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նախօրեից նախագահական նստավայրի մոտ անժամկետ հացադուլ են սկսել Աշոտ Առուշանյանի ընտանիքի անդամները: Աշոտի հայրը՝ Լավրենտ Առուշանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ պայքարելու են այնքան ժամանակ, մինչև Հանրապետության նախագահն ընդունի իրենց:
«Մեր միակ պահանջն է հանդիպում Հայաստանի նախագահի հետ: Միայն նա կարող է այդ անօրինականությանը վերջ տալ»,- ասաց նա:
Լավրենտ Առուշանյանի խոսքով, հացադուլ են հայտարարել 12 հոգի, բայց ընթացքում նրանց թիվը կավելանա:
«Աշոտը տեղյակ է մեր այս քայլի մասին: Ամեն կերպ աշխատում էր հետ կանգնեցնել: Հացադուլավորների մեջ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ կան»,- նշեց նա:
Աշոտի հայրը պնդում է, որ իր որդուն դատապարտել են անհիմն, ենթադրությունների ու վարկածների հիման վրա:
Ա. Առուշանյանն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով, այն բանի համար, որ նա, խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին և ծանոթ Արտաշես Գալուստյանին օժանդակել է հանցագործության կատարմանը` նրանց տրամադրելով տեղեկատվություն հափշտակության առարկայի` առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Աշոտ Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով` գույքի 30%-ի բռնագրավմամբ: Նույն դատավճռով Էդգար Կարաքեշիշյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 7 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն դեռ նախորդ տարվա հուլիսի 23-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան` այլ կազմով նոր քննության: Իսկ Վճռաբեկ դատարանն էլ որոշել էր մեղադրողի վճռաբեկ բողոքը վերադարձնել: Առաջին ատյանի դատարանը նորից մեղադրական դատավճիռ էր կայացրել: Ներկայացվել էր վերաքննիչ բողոք: Վերաքննիչը անփոփոխ էր թողել առաջին ատյանի կայացրած դատավճիռը՝ ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով:
Նախորդող հրապարակումներ՝
HSBC-ի աշխատակցի գործ. «Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել վարկածի հիման վրա կայացրած դատավճիռը»
HSBC-ի աշխատակցի գործ. «Իր պարագայում հացադուլը կարծես վերջին միջոցներից մեկն է»
Երկրորդ անգամ նույն գործը՝ Վերաքննիչ դատարանում
HSBC-ի աշխատակցի գործով դատաքննությունը շարունակվում է, բայց գլխավոր կասկածյալներից մեկի բացակայությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները