Ուկրաինան արտարժույթի փոխանակման կետերի քանակով երկրորդն է արևելյան Եվրոպայում
Ուկրաինայի ազգային բանկը պատրաստվում է կրճատել արտարժույթի փոխանակման շուկայում խաղացողների քանակը: Այսուհետ դոլար և եվրո վաճառել կկարողանան միայն բանկերի մասնաճյուղերը: Այս մասին գրում է «Գազետա.ռու» կայքը: Այս կերպ ազգային բանկը փորձում է ձերբազատվել նրանցից, ովքեր արտարժույթը նշանակված կուրսով չեն վաճառում:
«Գազետան», սակայն, նշում է, որ այդ քայլն ավելի կբարդացնի իրավիճակը, քանի որ գնորդները և վաճառողները ամբողջությամբ կուղորդվեն դեպի «սև շուկա»: Այսօր ուկրաինական բանկերում արտարժույթ գնելը գրեթե անհնար է:
«Գազետան» նշում է, որ Ուկրաինան հագեցած է արտարժույթի փոխանակման կետերով և կենտրոնական ու արևելյան Եվրոպայում երկրորդ տեղն է գրավում: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինան այդ ցուցանիշով իր տեղը զիջում է միայն Բուլղարիային:
Ըստ աղբյուրի՝ փոխանակման կետերի նման մեծ քանակը խոսում է այն մասին, որ ուկրաինացիները խնայողությունները սիրում են արժույթի տեսքով պահել, իսկ մեծ պահանջարկ դոլարն է վայելում: