Եմենում «Ալ-Կաիդայի» գրոհայինները հարձակվել են Միջազգային բանկի վրա
Եմենի Ալ-Մուկալա քաղաքում «Ալ-Կաիդայի» թևը զինված հարձակում է իրականացրել Եմենի Միջազգային բանկի վրա և գողացել մեծ քանակությամբ գումար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ենթադրվում է, որ «Ալ-Կաիդայի» գրոհայիններն են հարձակվել բանկի վրա և, զենքով սպառնալով աշխատակիցներին, գողացել խոշոր գումար»,-ասել է Sputnik գործակալության զրուցակիցը:
Նշենք, որ 2011 թվականից` իշխանափոխությունից հետո, Եմենում իրավիճակը շարունակում է անկայուն մնալ: Չնայած իշխանությունների ձեռնարկած միջոցառումներին` երկրի հարավում չեն դադարում «Ալ-Կաիդայի» գրոհայինների կողմից ահաբեկությունները, իսկ շիական «Անսար Ալլահ» (հուսիներ) շարժման անդամները Եմենի մի շարք շրջաններում զանգվածային բողոքի ակցիաներ են կազմակերպում` բողոքելով կառավարության դեմ: Նրանք նույնիսկ գրավել են նախագահի նստավայրը: