Իլհամ Ալիևի ու Անգելա Մերկելի հանդիպումը խիստ լարված է անցել. «Ազադլիգ»
Գերմանական մամուլն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Գերմանիա կատարած այցի մասին հրապարակումներում առաջին հերթին շեշտադրել է Ադրբեջանում մարդու իրավունքների ցավալի վիճակը և քաղբանտարկյալների չլուծված խնդիրը: Այցի շուրջ արձագանքները խոսում են այն մասին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումը հիմնականում մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցեր քննարկելու արդյունքում խիստ լարված է անցել: Այս մասին գրում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը` հղում կատարելով գերմանական հեղինակավոր Deutsche Welle հրատարակությանը:
Ինչպես նշված է նյութում, Ալիևին Բեռլինում այնքան էլ լավ չեն դիմավորել: Հունվարի 21-ին Մերկելի նստավայր ժամանելիս Ադրբեջանի նախագահին ընդունել են բողոքի ակցիայով, որը կազմակերպել էին Amnesty International, Human Rights Watch, «Լրագրողներն առանց սահմանների» հայտնի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Ակցիայի ժամանակ նրանք հիշեցրել են Ադրբեջանում մեծ թվով քաղբանտարկյալների և առնվազն 22 «խղճի բանտարկյալների» առկայության մասին: Ցուցարարները կոչ են արել Ալիևին անհապաղ բանտերից ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, ընդդիմադիրներին ու իրավապաշտպաններին:
Թերթը գրում է, որ ըստ գերմանական պարբերականի` Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման թեման Ալիևին հանգիստ չի թողել անգամ կանցլերի նստավայրում: Հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսին Մերկելն ընդգծել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակն իրենց երկկողմ հարաբերություններում Գերմանիայի համար կարևոր հարցերից մեկն է: Քննարկման թեմաներից մեկն էլ հանդիսացել է Գերմանիայի կողմից աջակցվող «Հարավային գազային միջանցք» կոչված նախագիծը:
Իր խոսքում Ալիևը փորձել է շրջանցել մարդու իրավունքների հարցը, սակայն, ի պատասխան գերմանացի լրագրողի այն հիշեցմանը, թե մամուլի ազատության գծով Ադրբեջանն աշխարհի երկրների շարքում զբաղեցնում է ընդամենը 160-րդ տեղը, Ալիևը շարունակել է պնդել, թե իբր Ադրբեջանում մամուլի ազատության վարկանիշի խնդիր չկա:
Ինչպես ասվում է նյութում, Մերկելն այնուհանդերձ հիշեցրել է Ալիևին, որ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ է, ուստի պարտավոր է պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարական նորմերը` ապահովելով օրենքի գերակայություն: «Մենք գտնում ենք, որ մարդու իրավունքների բնագավառում Ադրբեջանում խնդիրներ կան: Մենք խոսել ենք նաև մեր կողմից քննադատության համար պատճառ դարձած այդ դեպքերի մասին», -ասել է Մերկելը:
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ մամուլի ասուլիսից հետո Մերկելի ու Ալիևի լուսանկարվելու ժամանակ մի լրագրող տեղից վեր է թռչել ու բարձր ձայնով Ադրբեջանի նախագահին կոչ արել ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Նախորդիվ`
Մերկել. Գերմանիան փորձում է ԼՂ հակամարտության կարգավորման գործում միջնորդ դառնալ
«The New York Times». «Ադրբեջան. երկիր ոչ մարդու իրավունքների համար»
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն Ամանորին ընդառաջ հիշել է Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին
«Լրագրողներ առանց սահմաններին» դիմել է Ֆրանսիայի նախագահին՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները բարձրաձայնելու խնդրանքով
IRFS. Վերջին 2 ամիսներին Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումներն աննախադեպ են
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա