Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի առաջին տեղակալը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
«Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Ռահիմին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման»,-այդ մասին հաղորդում է իրանական «Ասրիրան.քոմ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ Մոհամմադ Ռեզա Ռահիմիին մեղադրանք է առաջադրվել ֆինանսական չարաշահումներ կատարելու համար: ԻԻՀ նախկին նախագահի առաջին տեղակալը դատապարտվել 5 տարի 91 օրվա ազատազրկման, բացի այդ՝ նրանից կբռնագանձվի 2 միլիարդ 850 միլիոն թուման գումար:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ առաջին անգամն է, որ իրանցի նման բարձրաստիճան պաշտոնյա է դատապարտվում ազատազրկման:
Հիշեցնենք, որ 2012թ.-ին Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ լրատվամիջոցների հարցերով խորհրդական, պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության գործադիր տնօրեն՝ Ալի Աքբար Ջավանֆեքրը, Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին վիրավորելու, իսլամական սկզբունքների դեմ նյութեր հրապարակելու մեղադրանքով Իրանի հեղափոխական դատարանի կայացրած վճռի համաձայն՝ դատապարտվեց վեց ամսվա ազատազրկման: