Ջեյհան Մումջու. «Ապրիլի 24-ին թուրքերին որպես ցեղասպան ազգ ներկայացնող ծաղրանկարներ կտպագրվեն»
Ապրիլի 24-ին ֆրանսիական Շարլի Էբդո երգիծական հանդեսը թուրքերին որպես ցեղասպան ազգ ներկայացնող ծաղրանկարներ կհրապարակի: Նման մտահոգություն է հայտնել Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» (ԱԿ-İP) փոխնախագահ Ջեյան Մումջուն, ով ի դեպ, թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի լրագրող, 1993 թ սպանված Ուղուր Մումջուի եղբայրն է:
Ջեյհան Մումջուն անընդունելի է համարել վերոնշյալ թերթում «Շարլի Էբդո»-ից վերցված ծաղրանկարների վերահրատարակումը:
Թուրքական «Վահդեթ» թերթի հետ զրույցում լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Մուհամմեդի ծաղրանկարների հրապարակմանը, Մումջուն պատասխանել է. «Ես «Ջումհուրիյեթ» թերթի և լրագրողներին, և ընթերցողներին շատ լավ ճանաչում եմ: Այս ծաղրանկարները նրանց պահանջարկին չեն համապատասխանում: Սա այն չէ, ինչ նրանք ուզում են տեսնել: Այս ամենը նպատակ ունի «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ղեկավարության կամ իսլամիստների շրջանում դժգոհություն ձևավորել, թերթի նկատմամբ քննադատություն առաջացնել և այդպիսով տպաքանակը մեծացնել»:
Մումջուն պնդել է, թե «Շարլի Էբդոն» թուրքերի թշնամին է: «Իմ աղջիկը բացահայտել է, որ այս ամսագիրը թուրքերի թշնամին է, այնտեղ թուրքերին հայերի ցեղասպանության մեջ մեղադրող երեք ծաղրանկար կա: Այս ամսագրի հետ համագործակցելիս հարկավոր է շատ զգույշ լինել, որովհետև արիլի 24-ին նրանք նորից թուրքերին որպես ցեղասպան ազգ ներկայացնող ծաղրանկարներ կտպագրեն»: