Անվանի հայ ճարտարապետի շիրմաքարը` Ստամբուլի շինհրապարակում
Ստամբուլի Բյույուքշեհիրի (Büyükşehir) թաղապետարանին պատկանող մի շինհրապարակում գտնվել է թուրքական ճարտարապետության մեջ իր մեծ ներդրումով հայտնի, Ստամբուլի անվանի կառույցներից շատերի հեղինակ, Պալյան ճարտարապետների ընտանիքի ներկայացուցիչ Կարապետ Պալյանի գերեզմանաքարը` «Կ. խալֆա . Կարապետ Պալեան» մակագրությամբ: Գերեզմանաքարը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ շինարարական նպատակով քանդվել են տարածքի հին շինությունները:
«Պալյանի շիրմաքարից բացի, հայտնաբերվել են նաև հայկական այլ գերեզմանաքարեր և արձանագրություններ, որոնց վրա առկա հայերեն գրությունները վատ ընթեռնելի են»,- ըստ «Ermenihaber.am»-ի` հայտնում է Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի ինտերնետային կայքէջը:
Կարապետ Պալյանի աճյունն ամփոփող վայրը դեռևս հայտնի չէ: Բայց հայտնաբերված վերոնշյալ շիրմաքարը նույնությամբ համընկնում է Պարս Թուղլաջըի «Պալյանների ընտանիքը» գրքում որպես Կարապետ Պալյանի գերեզմանաքար ներկայացված մի լուսանկարի հետ: Լուսանկարն արվել է 1958 թ. Բեշիքթաշի հայկական գերեզմանոցում` Պերճ Էրզիանի կողմից: Գրքում հեղինակը հայտնել է նաև, որ գերեզմանաքարն արդեն իր տեղում չէ:
Կարապետ Պալյանը հայտնի է նախ և առաջ որպես Դոլմաբահչեի պալատի ճարտարապետ: Հեղինակն է նաև Յեդիքուլեի հայկական Սուրբ Փրկիչ եկեղեցու, որը նրա առաջին ճարտարապետական գործն է: Պալյանի հայտնի ճարտարապետական ստեղծագործություններից են նաև Միմար Սինանի գեղեցիկ արվեստների համալսարանը, Քյուվելիի հեծելազորային զորանոցը, Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Քուրուչեշմեի Սուրբ Խաչ եկեղեցին, Բեյօղլուի Սուրբ Երրորդություն եռախորան եկեղեցին: