Հեպատիտ C-ով վարակված հիվանդների բուժումը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով.Ա. Մուրադյան
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով զարգացած երկրներում ներհիվանդանոցային ինֆեկցիաները կազմում են 5-10 տոկոս, և հեպատիտ Ց-ն բացառություն չէ ինչպես այդ երկրներում, այնպես էլ Հայաստանում: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` անդրադառնալով Քաջարանի բժշկական կենտրոնում արձանագրված հեպատիտ C-ով վարակի դեպքերին:
Հիշեցնենք, որ Քաջարանի ԲԿ-ում վիրահատված ութ հիվանդների մոտ լաբորատոր հետազոտություններով հաստատվել է հեպատիտ C-ով վարակվածություն։ Հետազոտությունների արդյունքների մասին ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է հիվանդանոցի հիմնադրին` Սյունիքի մարզպետարանին: Փաստի առթիվ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, վիրահատարանները փակվել են:
Նախարարի խոսքերով` Քաջարանում հեպատիտ C-ով վարակված հիվանդները ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են, և նրանց բուժումը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ բոլոր հիվանդներն ունեն բժշկական ապահովագրություն:
Ա.Մուրադյանը նշեց նաև, որ աշխատում է առողջապահության նախարարության աշխատանքային խումբը` փոխնախարար Վահան Պողոսյանի գլխավորությամբ:
«Քրեական գործի շրջանակներում կլինեն համապատասխան որոշումներ, որոնց մասին անպայման կտեղեկացվեք»,- ասաց նախարարը:
Լրագրողի դիտարկմանը, թե ինչն էր պատճառը, որ նախարարը մինչ օրս չի հանդիպել Հեպատիտ C-ով վարակված քաղաքացիների հետ, մինչդեռ նախարարը բոլոր ահազանգերին շատ արագ արձագանքում է, Ա.Մուրադյանը նշեց, որ առհասարակ բոլոր աշխատանքները համակարգվում են նախարարությունում, իսկ կարևորը հարցերը` նախարարի ուղղակի միջամտությամբ:
«Այդ հարցի վերաբերյալ եղել է երկու խոհրդակցություն: Գիտեք, որ վերջին մեկ շաբաթում պրակտիկորեն զբաղված էի մեկ հարցով, իսկ այս խնդիրն այսօր ամենակարևորներից է և գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»,- նշեց Ա.Մուրադյանը:
Նա հիշեցրեց, որ նախարարի 2014թ. հոկտեմբերի 31-ի «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցառումների գնահատման, ռենտգեն կաբինետների օդի մշտադիտարկման և լաբորատոր հետազոտությունների իրականացման 2014 թվականի ծրագիրը հաստատելու մասին» հրամանի համաձայն առողջապահության համակարգում այս ուղղությամբ առկա խնդիրները վեր հանելու և դրանք կանոնակարգելու նպատակով ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետները ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների գնահատման ուսումնասիրություններ են սկսել հանրապետության բուժհիմնարկներում։
Ըստ Ա.Մուրադյանի` 20 օրվա ընթացքում պետք է խոշոր հիվանդանոցների վերաբերյալ հարցը քննարկվի, իսկ երկու ամսվա ընթացքում՝ ամբողջ ցանցի վերաբերյալ:
Նախարարը մեկ անգամ ևս շեշտեց, որ Քաջարանի ԲԿ-ի հետ կապված բոլոր գործառույթները լինելու են բաց, թափանցիկ, բայց մեկ միջադեպով հնարավոր չէ լուծել ներհիվանդանոցային վարակների հարցը ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում:
«Այս հարցը օրակարգային է: Մենք պետք է ընթացակարգ մշակենք և այդ ուղղությամբ անընդհատ պայքարենք»,- ասաց նա:
Հարցին, թե Քաջարանի դեպքից հետո մարդկանց մոտ խուճապ կա, իսկ նոր բացված հիվանդանոցում մարդիկ վախենում են բուժում ստանալ, Ա.Մուրադյանը նկատեց, որ խուճապ չի տեսնում, ինչպես նաև պետք չէ ծայրահեղությունների գնալ:
«Կարծում եմ, որ յուրաքանչյուրի կյանքում կարող է նման բան պատահել, բացառություն չի կազմում նաև իմ ընտանիքը, որը ժամանակին ներհիվանդանոցային ինֆեկցիայի պատճառով ունեցել է լուրջ կորուստ: Ես գտնում եմ, որ այս հարցը պետք է լինի պարտադիր պահանջ ամբողջ համակարգում: Ինչ-ինչ պատճառներով տարբեր հիվանդանոցներում հնարավոր է եղել են խախտումներ, որոնք միանշանակ պետք է բացահայտվեն և պատիժը պետք է լինի անխուսափելի»,- ընդգծեց Ա.Մուրադյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա