Որևէ սահմանախախտ նախևառաջ պետք է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հանձնվեր. Խոսրով Հարությունյան
«Սա բոլորիս ցավն է, մենք պետք է կարողանանք մեր հասարակությանը այնպես ներկայացնենք, որ խեղաթյուրումների տեղիք չտա: Ինձ համար ընդունելի չէ, որ նեղ անձնական, նեղ խմբային հարցերով կարելի է օգտագործել ժողովրդի համար այս կարևոր հարցերը: Պատրաստ եմ ձեր բոլոր հարցերին պատասխանել: Սա իրավական հարթության մեջ քննարկելու ենթակա հարց է»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի տասներկուսին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված իրավական գործընթացների հարցերով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Մեր իրավապահ և ուժային մարմինները քանիսին են իմացել, որ այդ տականքը լքել է տարածքը: Երբ և ում կողմից է իրականացվել նրա հայտնաբերումը»,- դատախազին հարցրեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Բոլոր այդ հարցերի պատասխանները ունենք քննական գործում»,- պատասխանեց Կոստանյանը՝ նշելով, որ իրականացվել են փոխօգնություն իրավապահ մարմինների միջև:
Նա նպատակահարմար չհամարեց քննչական գործի վարույթի հանգամանքները բարձրաձայնել՝ նկատի ունենալով, որ գործը դեռ քննության մեջ է: Կոստանյանը նշեց, որ զոհվածների հետ Պերմյակովի ունեցած հնարավոր կապի մասին այժմ ստուգումներ են գնում:
Հարցին, թե արդյոք դիմել է ՌԴ գլխավոր դատախազին, Կոստանյանը նշեց, որ դեպքի առնչությամբ ներկայացվել են բազմաթիվ միջնորդություններ, և փոխադարձ գործողություններ իրականացնելու պայմանավորվածություններ են ձեռք բերվում: Նա հայտնեց, որ խոստացել է, որ կդիմի ՌԴ գլխավոր դատախազին, և դա իր պարտավորությունն է, քանի որ երկկողմ պայմանագրով սահմանված է նման կարգ: Բայց միաժամանակ ասաց, որ միջնորդություններով դիմելը ինքնանպատակ չէ, և բավարար հիմքեր պետք է լինեն, որպեսզի հիմնավորված պահանջ ներկայացվի:
«Կատարելու եմ այն դեպքում, երբ բավարար հիմքեր կունենանք դա անելու»,- պարզաբանեց ՀՀ գլխավոր դատախազը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց՝ արդյոք Պերմյակովը ՀՀ իրավազորության տակ է, թե ոչ: Նա նշեց, որ որևէ սահմանախախտ նախևառաջ պետք է ՀՀ Ազգային անվտանգությանը հանձնվեր:
Կոստանյանը նշեց, որ իրավական տեսակետից բազայում գործում է ՌԴ իրավազորությունը, և դա բխում է երկկողմ պայմանագրից: Ըստ Կոստանյանի՝ տվյալ զորամասի տարածքը ՀՀ իրավազորության տակ չէ՝ ըստ 1997 թվի պայմանագրի: Ինչ վերաբերում է հանցագործի հանձնման հարցին, Կոստանյանը ասաց, որ որևէ հակասության մասին խոսք լինել չի կարող:
Ըստ դատախազի՝ զուտ իրավական տեսակետից էքստրադիցիան՝ անձի հանձնումը կարգավորվում է բազմակողմ պայմանագրով: Անձի էքստրադիցիայի հարցերում հաշվի է առնվում քաղաքացիության, երկրի օրենքով: Բոլոր հարցերը, այդ թվում արտահանձնումը, քննարկման ենթակա են, սակայն այս փուլում այդ հարցը դեռ չի քննարկվում:
Նախորդող հրապարակում`
«Նիստ անում եք՝ ասելու համար, որ նիստ եք անում». Նաիրա Զոհրաբյան