«Իրավունք ունե՞ն ռուսական ռազմաբազայի զինծառայողները զինված օպերատիվ գործողություններ իրականացնել ՀՀ տարածքում». Նիկոլ Փաշինյան
«Սատանի պտուղը, որը ոչնչացրեց ողջ ընտանիքը, պետք է կրի խստագույն պատիժը»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի տասներկուսին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված իրավական գործընթացների հարցերով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ:
Նա խնդրեց գլխավոր դատախազին իր կարծիքը հայտնել՝ կարող էր արդյոք հանցագործը մենակ իրականացնել ողջ ընտանիքի սպանդը: Կոստանյանը նշեց, որ չի կարող գործի քննության ընթացքում այդ հարցի շուրջ կարծիք հայտնել:
«Մենք դա չենք հրապարակի, ոչ այս փուլում»,- ասաց գլխավոր դատախազը:
Ըստ նրա՝ ցանկացած երևույթ հնարավոր է, եթե դա պարզվի և ապացուցվի:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ գլխավոր դատախազը խուսափում է հարցերին պատասխանելուց, մինչդեռ իր կարծիքով, դատախազը պետք է շատ հարցերի պատասխան ունենար վաղուց:
«Ըստ պայմանագրերի՝ սահմանապահ ռուսական զորքերը պարտավոր են արդյոք սահմանախախտին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին»,- հարցրեց պատգամավորը:
«Մենք նկատեցինք, որ Գյումրիի փողոցներում ռուսական ռազմաբազայի զինծառայողները զինված ինչ-որ գործողություններ էին իրականացնում: Որևէ փաստաթղթով նրանք ՀՀ տարածքում նման օպերատիվ գործողություններ իրականացնելու իրավունք ունե՞ն»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե որ կողմն է վարելու գործի վարույթը:
Գլխավոր դատախազը նշեց, որ երբ գործն այդ փուլին հասնի՝ վարույթի հանձնման փուլին, 1997 թվականի պայմանագրով սահմանված կարգով, կողմերը կպայմանավորվեն այդ հարցի շուրջ: Ինչ վերաբերում է ռազմաբազայի զինծառայողների օպերատիվ գործողություններին, դատախազը նշեց, որ նույն պայմանագրի իներորդ հոդվածով ՀՀ իրավապահ մարմինների թույլտվությամբ, ռազմաբազայի զինծառայողները կարող են նման գործողություններ իրականացնել:
«Սահմանախախտին պարտավոր են հանձնել ՀՀ-ին: Հանձնել են, թե չեն հանձնել, դա արդեն քրեական գործի ընթացքի մեջ է ներառված»,- ընդգծեց գլխավոր դատախազը:
Նախորդող հրապարակումներ`
«Արտաքին գործերի նախարարը չկա, ԱԱԾ-ն չի արձագանքում». Ալեքսանդր Արզումանյան
«Սահմանը հատելու մասով քրեական գործ չի հարուցվել». Զարուհի Փոստանջյան
«Նիստ անում եք՝ ասելու համար, որ նիստ եք անում». Նաիրա Զոհրաբյան
Որևէ սահմանախախտ նախևառաջ պետք է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հանձնվեր. Խոսրով Հարությունյան