Փարիզի ահաբեկչությունները. ի՞նչ է փոխվել իսլամականների գործելաոճում
2015թ. հունվարի 7-ին Փարիզում «Charlie Hebdo» երգիծական խմբագրատան և հրեական խանութի վրա հարձակման պատճառը ԶԼՄ-ները շտապեցին հայտարարել պարբերականի էջերում հայտնված Մուհամմադ մարգարեի և իսլամին նվիրված ծաղրանկարները:
Նմանատիպ հրապարակումների համար պարբերականը հարձակման էր ենթարկվել նաև 2011թ., երբ խմբագրատան շենքի ուղղությամբ նետվել էին վառվող հեղուկով լցված շշեր: Անշուշտ, նման բնույթի հրապարակումները նսեմացնում են մուսուլմանի կրոնական զգացմունքները, և կարող են նպաստել իսլամ դավանողների շրջանում դժգոհությունների առաջացմանն ու բողոքի ձայնի բարձրացմանը:
Սակայն, արդյոք Փարիզի ահաբեկչական հարձակումների դրդապատճառը սոսկ միայն հակաիսլամական ծաղրանկարներն էին:
Ահաբեկչությունից որոշ ժամանակ անց հարձակման պատասխանատվությունն իր վրա վերցրեց «ալ-Կաիդա»-ի ճյուղավորումը հանդիսացող «ալ-Կաիդա-ն Արաբական թերակղզում» (ԱԿԱԹ) իսլամական ծայրահեղ արմատական կառույցը: Տեղեկություններ տարածվեցին, որ Քուաշի եղբայրներից մեկը դեռևս 2011թ. այցելել էր Եմեն ու ռազմական պատրաստություն անցել այնտեղ տեղակայված «ալ-Կաիդա»-ի ռազմական ճամբարներից մեկում: Ինչ վերաբերում է Ահմադի Քուլիբալիին, ապա վերջինիս կողմից ձայնագրված տեսագրություն հայտնվեց ԶԼՄ-ներում, որտեղ Քուլիբալին հավատարմության երդում էր տալիս «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին` ընդգծելով իր կապն այդ կառույցի հետ:
Անկախ նրանից` Փարիզի ահաբեկչական հարձակումն իրականացվել է Քուաշի եղբայրների և Ահմադի Քուլիբալիի նախաձեռնությամբ, թե դրանց ետևում այլ ուժեր են կանգնած, մի բան հստակ է` իսլամական ծայրահեղ արմատական տիրույթում տեղի են ունենում գործընթացներ, որոնց առարկայական դրսևորումներից են վերոհիշյալ ահաբեկչութունները:
Մինչ մուսուլմանական աշխարհի տարբեր հատվածներում խորանում են գաղափարական և ռազմավարական հակասություններն իսլամական ծայրահեղ արմատական տիրույթում առաջնային դիրքերում հայտնված խմբավորումների միջև, Ֆրանսիայի ահաբեկչական գործողություններում նկատվեց համագործակցության եզրերի փնտրտուք. Քուաշի եղբայրներն ու Ահմադի Քուլիբալին ճանաչել են միմյանց, և, ըստ Քուլիբալիի, համակարգել ահաբեկչական հարձակումները:
Հետևաբար, եթե կա համագործակցություն, ուրեմն մի կողմ են դրված գաղափարական հակասությունները (համենայն դեպս ահաբեկչական գործողության իրականացման փուլում) և իսլամականներն առավելապես կենտրոնացած են բռնարարքների «արդյունավետության և ազդեցիկության» վրա: Նման գործելաոճն էլ ավելի վտանգավոր է դարձնում արևմտյան երկրներում իրականացվելիք բռնարարքները, որոնց աճախակիությունն ու իրականացման վայրերը կապված կլինեն աշխարհաքաղաքական զարգացումներից, արևմտյան այս կամ այն երկրում տեղակայված ջիհադական խմբերում ներգրավված իսլամականների ռազմական փորձից, անվտանգության ոլորտում իրականացվող միջոցառումների, զինամթերքի հասանելիության, թիրախների ինքնուրույն ընտրության, ահաբեկչության պլանավորման և ինքնաֆինանսավորման մակարդակից:
Ինչևէ` 21-րդ դարի առաջին տասնամյակի կեսերին իսլամական ծայրահեղ արմատական գաղափարախոսների կողմից առաջ քաշված ջիհադական նոր մարտավարական հնարքներն այլևս արևմտյան երկրներում կյանքի են կոչվում, և այժմ այն հարցը, թե կլինե՞ն ահաբեկչական գործողություններ արևմտյան երկրներում, անհրաժեշտ է ձևակերպել հետևյալ կերպ, որտե՞ղ և ե՞րբ կլինեն ահաբեկչությունները:
Արաբագետ Սարգիս Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան