Թուրքիայի ԱԳՆ. Հայերին ուղղված ուղերձները մարտավարական բնույթ չեն կրում
Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նախորդ տարի և վարչապետ Ահմեդ Դավութօղլու` հունվարի 20-ին հայերին ուղղված ուղերձները 1915 թվականի դեպքերի 100-ամյակի նախաշեմին ընդառաջ մարտավարական բնույթի քայլեր չեն: Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը։
«Այս հայտարարություններն անկեղծ ու գործնական նշանակություն ունեն, դրանք գիտակցված դիրքորոշում ու մարդկային հեռանկար են ներկայացնում»,-ասել է Բիլգիչը` ավելացնելով, որ Անկարան հստակ դիրքորոշում ունի 1915 թվականի «ցավալի դեպքերի» կապակցությամբ:
Նշենք, որ հունվարի 20-ին` Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի օրը, Դավութօղլուն հայերին կոչ էր արել համատեղ ուղիներ փնտրել` Թուրքիայի հետ պատմական տարաձայնությունները լուծելու համար, իսկ 2014 թվականի ապրիլի 23-ին Էրդողանը իր հայտարարությունում ընդգծել է 1915 թվականի «դեպքերի» «ընդհանուր ցավը»` ցավակցելով 20-րդ դարի սկզբին զոհված հայերի ժառանգներին: