Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ձեռնարկները Ուրուգվայում կանցնեն նախագահի բարձր հովանու ներքո
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան մինչ պաշտոնավարման ավարտը հանդիպել է Ուրուգվայի հայ համայնքի անդամներին: Այս մասին տեղեկանում ենք Հայ դատի կենտրոնական խորհրդի կայքից:
Հանդիպմանը Մուխիկան ընդգծել է հայ համայնքի ներդրումն Ուրուգվայում և կարևորել այն հանգամանքը, որ Ուրուգվայն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մուխիկան, ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին, համաձայնել է իր բարձր հովանավորությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ուրուգվայում տեղի ունենալիք ձեռնարկներին:
«Գիտեմ, որ թուրքերը կնեղանան, սակայն համոզված եմ, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, և եթե կարող եմ օգտակար լինել՝ սիրով համաձայն եմ ընդունել այդ առաջարկը: Թուրքերը պետք է սովորեն համբերություն ունենալ, աշխարհում պետք է լինի բազմակարծություն և մենք պետք է հարգենք այն, այլապես հնարավոր չի լինի ապրել»,- ասել է նա` հավելելով, որ նվազագույնը, որ պետք է անի թուրքական պետությունը, ինքնաքննադատության քաջություն ունենալն է՝ ընդունելու կատարված բարբարոսությունները:
Խոսե Մուխիկայի պաշտոնավարման օրոք Հայաստանի և Ուրուգվայի հարաբերություններն էլ ավելի ամրապնդվեցին, մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցությունն ավելի խորացավ: Նախագահ Մուխիկայի օրոք Ուրուգվայում օրենք ընդունվեց Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու վերաբերյալ: Գործում է Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը: Այս տարվա սկզբին էլ Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի միջազգային մակարդակով ճանաչման անհրաժեշտության մասին` կարևորելով ազգերի ինքնորոշման փաստը: Երկկողմ հարաբերություններին նպաստեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2014թ. հուլիսին կատարած այցը Ուրուգվայ: 2014-ի դեկտեմբերին անցկացված ընտրություններում Ուրուգվայի նախագահ է ընտրվել Տաբարե Վասկեսը, որը պետության ղեկավարի պաշտոնում Խոսե Մուխիկային կփոխարինի այս տարվա մարտի 1-ից: