Մատենադարանին են հանձնվել հնատիպ գրքեր և ձեռագրերը
Այսօր Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի փոքր սրահում տեղի է ունեցել հալեպահայ Սոսե Պարոնյանի՝ ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրաբերած ձեռագրերի և հնատիպ գրքերի՝ Հայաստանի գլխավոր ձեռագրապահոցին փոխանցելու հանդիսավոր արարողությունը: Այս մասին հաղորդում է սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Միջոցառմանը ներկա Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է. «Խորհրդանշական է, որ այսօր պատվաբեր առաքելությմբ գտնվում ենք Մատենադարանում՝ հայկական ձեռագրերի հարուստ մշակույթի այս ինքնատիպ պահոցում:
Ազգի նվիրյալ զավակ հալեպահայ Սոսե Պարոնյանի մեծ հայրն ու մայրը՝ Մովսես և Զարթիկ Ասլանյան-Պարոնյանները, ովքեր Հայոց ցեղասպանության արյունալի օրերին, մահն աչքերի առաջ ունենալով, թուրքի ահասարսուռ ճիրաններից առաջին հերթին փրկել և Խարբերդից Հալեպ են տեղափոխել մեծ արժեք ներկայացնող այս գրքերը՝ աղոթագրքեր, բառարաններ, ավետարաններ և 18-րդ դարի մեկ ձեռագիր, որոնց ճակատագիրը ոչնչով չի տարբերվում եղեռնազարկ հայ մարդու ճակատագրից: Սոսեի ծնողները՝ Անդրանիկ և Մարգրիտ Ղանդիլյան-Պարոնյանները, ամենայն հոգածությամբ պահել ու պահպանել են դրանք՝ իրենց նվիրական առաքելության իրավահաջորդը դարձնելով Սոսեին: Սոսե Պարոնյանը Սիրիայի համար այս տագնապալի օրերին որոշում է կայացրել՝ Պարոնյանների ընտանեկան ժառանգությունից 1 ձեռագիր և 14 հնատիպ գիրք «Սիրիահայության շտապ օգնության մարմնի» և Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության աջակցությամբ նվիրել է Հայրենի պետությանը՝ ի դեմս ՀՀ սփյուռքի նախարարության: Այդ անգնահատելի նվերը պատասխանատվության մեծ զգացումով հանձնում ենք մաշտոցյան Մատենադարանին՝ ի պահ»:
Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը շնորհակալություն է հայտնել անգնահատելի նվիրատվության համար: Նա նշել է, որ վերապրած կարելի է համարել Մատենադարանի ողջ հավաքածուն, որը նվիրատվությունների շնորհիվ վերջին տարվա ընթացքում համալրվել է 500-ից ավելի ձեռագրերով և հավելել. «Պետք է կրկնապատկենք մեջ ջանքերը՝ ձեռագրերը տուն դարձնելու համար: Մեր խորին երախտագիտությունը նվիրատուին՝ Սոսե Պարոնյանին, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ մեր զարգացման ծրագրերին մշտապես սատարելու համար»:
Ցուցադրվել է գրքերի նվիրատու Սոսե Պարոնյանի և Բերիո թեմի մամլո խոսնակ, Սիրիայի Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական համայնքների ընդհանուր խոսնակ Ժիրայր Րեիսյանի տեսաուղերձները:
Հրաչյա Թամրազյանը Սոսե Պարոնյանին պարգևատրել է Մատենադարանի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան