Դաշնակցության ընդհանուր ժողովի քննարկումները համերաշխ մթնոլորտում չեն անցնում. «Ժողովուրդ»
Մի քանի օրից տեղի կունենա Հայ հեղափոխական դաշնակցության ընդհանուր ժողովը, որը այս տարի կայանալու է Դիլիջանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախատեսված է եղել, որ ՀՅԴ-ի ընդհանուր ժողովը կամփոփվի հունվարի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում: Իհարկե, ընդհանուր ժողովի նախապատրաստական գործընթացները մեկնարկել են դեռևս 2014 թվականի դեկտեմբերի 25-ին, դրանք անցկացվում են փակ ռեժիմով: ՀՅԴ-ի ընդհանուր ժողովին մասնակցում են տարբեր երկրներում գործող բոլոր կառույցների ներկայացուցիչները:
«Ըստ տեղեկությունների՝ քննարկումներն արդեն իսկ համերաշխ մթնոլորտում չեն անցնում: Հատկապես դրսի կառույցների ներկայացուցիչները դժգոհություններ ունեն ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վարած քաղաքականությունից: Չի բացառվում նաև, որ Մարգարյանն այդ դժգոհությունների արդյունքում հրաժարվի ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի պաշտոնից: Այս օրերին ՀՅԴ Դիլիջանում գտնվող ղեկավար կազմի հետ հնարավոր չէ կապվել, բոլորի հեռախոսներն անջատված են»,-գրել է թերթը: