«Արցախի տնտեսությունը պահպանել է տնտեսական աճի դրական դինամիկան»
Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ` նվիրված 2015 թվականի պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և ԼՂՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրն ընդունելու հետ կապված հարցերին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Ամփոփելով կառավարության նիստի աշխատանքները՝ երկրի ղեկավարն անդրադարձել է անցած տարվա քաղաքական զարգացումներին, կառավարության գործունեությանը և 2015 թվականի մեր կարևորագույն անելիքներին ու աշխատանքներին:
Խոսելով 2014 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում կառավարության կատարած աշխատանքների մասին՝ Նախագահը, ընդհանուր առմամբ, դրանք գնահատել է բավարար: Նախագահ Սահակյանի բնութագրմամբ՝ չնայած համաշխարհային հարթությունում մի շարք բացասական տնտեսական երևույթների և աշխարհաքաղաքական մրցակցության ազդեցությանը` Արցախի տնտեսությունը պահպանել է տնտեսական աճի դրական դինամիկան, կառավարությունը կատարել է ստանձնած սոցիալական բոլոր պարտավորությունները` իրականացնելով աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների, պարգևավճարների և սոցիալական այլ վճարների չափերի բարձրացում: Բակո Սահակյանը մեր բոլոր հաջողությունների հիմքը համարել է մեր ժողովրդի աշխատասիրությունը, նրա օրինապաշտությունն ու լավատեսությունը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:
Ձեռքբերումների հետ մեկտեղ երկրի ղեկավարն անդրադարձել է նաև չլուծված խնդիրներին և անելիքներին: Նախագահն ընդգծել է, որ հատուկ ուշադրություն են պահանջում աշխատանքների ճիշտ կազմակերպմանն առնչվող հարցերը, միջնաժամկետ և երկարաժամկետ համապարփակ ծրագրերի մշակումն ու իրականացումը, կադրային ճիշտ քաղաքականությունը, տեղերում նախաձեռնողականության ցածր մակարդակը:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել 2015 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ՝ նշելով, որ կառավարությունից և նրա ստորաբաժանումներից ակնկալում է ակտիվ, արդյունավետ ու համակարգված աշխատանք:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան