Ոստիկանությունում ամփոփվել են 2014 թ. արդյունքները
Այսօր տեղի է ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստ, որը վարել է էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Նիստին մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2014 թ. 12 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Զեկուցողը նշել է, որ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, ավազակության, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքերը: Հաշվետու շրջանում 18,2%-ով աճել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը: Առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 934 միավոր հրազեն:
Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կատարված աշխատանքը՝ Հունան Պողսյանը նշել է, որ բացահայտման արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով` սպանության, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության, ավազակության, կողոպուտի և այլ դեպքերով:
Հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 81,6%-ով:
Անդրադառնալով 2014 թ. ոտիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներին՝ Վլադիմիր Գասպարյանը հիմնականում դրական է գնահատել կատարված աշխատանքը:
Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն անդրադարձել է տարածքային ստորաբաժանումների կողմից տարված աշխատանքին, հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, ստորաբաժանումների ենթակայության վերակառուցման խնդիրներին:
Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը կարևորել է արտաքին ծառայությունների նախապատրաստական աշխատանքները՝ ուղղված 2015 թվականին Հայաստանում նախատեսվող մի շարք խոշոր միջոցառումների ընթացքում հասարակական կարգի և անվտանգության ապահովմանը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը ներկայացրել է վարչության և ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքը՝ հաշվետու շրջանում մայրաքաղաքում օպերատիվ իրավիճակի վերահսկման, հասարակական կարգի ապահովման, հանցագործությունները գրանցումից թաքցնելու և այլ արատավոր երևույթներ բացառելու ուղղությամբ:
Ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը ներկայացրել է զորամասերի մարտական պատրաստականության վիճակը և այն միջոցառումները, որոնք իրականացվում են անձնակազմի մասնագիտական որակների և նյութատեխնիկական բազայի կատարելագործման ուղղությամբ:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը ներկայացրել է համակարգի ինքնամաքրմանը, օրինականության ամրապնդմանն ու ոստիկանի կերպարի ձևավորմանն ուղղված աշխատանքները, որոնց նպատակը բարեփոխումների արդյունքների վերջնական ամրագրումն է:
Հաշվետու զեկույցներին հաջորդած քննարկումից հետո ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել տարվա ընթացքում ծառայողական բարձր մակարդակով աչքի ընկած ստորաբաժանումներին ու համակարգի վետերաններին: Ոստիկանության 14 ծառայողներ խիստ նկատողություն են ստացել:
Այնուհետև Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է ոստիկանության այս տարվա գործունեության առաջնահերթությունները:
Ոստիկանության կոլեգիայի նիստի ավարտին ոստիկանության հատուկ հանձնաժողովի որոշումով 2014 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ լավագույն ճանաչված ստորաբաժանումներն ու ծառայողները արժանացան պարգևների:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա