Ռոբերտ Քոչարյանը՝ Գյումրիի դեպքի մասին. Մեր պաշտոնյաների հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը, նախորդ տարեվերջին դրամի արժեզրկմանն ու այլ հարցերի:
«Գյումրիում կատարված ոճրագործությունը, որ ցնցեց ամբողջ Հայաստանը, ապշեցնում է իր դաժանությամբ: Ակնհայտ էր, որ մարդկանց վրդովմունքը կարող է վերածվել զանգվածային գործողությունների՝ անկանխատեսելի հետևանքներով: Դա կանխելու համար անհրաժեշտ էին իշխանությունների կայծակնային առաջանցիկ գործողությունները: Եվ առաջին հերթին՝ միանշանակ հավաստիացումներն առ այն, որ ոճրագործությունը կհետաքննվի հայաստանյան իրավապահ մարմինների կողմից ու հանցագործը կկանգնի ՀՀ դատարանի առաջ (առավել ևս, որ մենք ունենք նման որոշման նախադեպ՝ 1999 թվականին): Վստահ եմ, որ դա ուղղակի անհրաժեշտ էր ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմին, քանի որ այդպիսով կկանխվեին բոլոր փորձերը դիտարկելու հայ-ռուսական հարաբերությունները՝ կոնկրետ ողբերգական դեպքի համատեքստում: Մեր պաշտոնյաների լղոզված, իրարամերժ և շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, և առանց այդ էլ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին: Իսկ դա արդեն պայթյունավտանգ համադրություն էր և, ցավոք, մարդկանց զայրույթը թափվեց հայ ոստիկանների վրա: Այսպես թե այնպես, Գյումրիում տեղի ունեցածը սարսափելի ողբերգություն էր: Ես և իմ ընտանիքը խորապես ցնցված ենք և կիսում ենք բոլորի վիշտը»,-ասել է Քոչարյանը:
Ինչ վերաբերում է դեկտեմբերին դրամի կտրուկ արժեզրկմանը, ապա Քոչարյանը մասնավորապես նշել է. «Ֆորմալ տեսանկյունից դրամի փոխարժեքի կայունության պատասխանատուն ՀՀ Կենտրոնական բանկն է, որն այդ օրերին կայունացմանն ուղղված որոշակի ջանքեր էր գործադրում՝ իր լիազորությունների շրջանակում: Բայց դեկտեմբերյան իրավիճակում դա ակնհայտորեն բավարար չէր: Իշխանության բոլոր ինստիտուտների հրատապ և համակարգված գործողություններ էին անհրաժեշտ, ազդեցության բոլոր՝ մոնետարային, ֆիսկալ և վարչական գործիքների կիրառմամբ: Դատելով արդյունքներից, այդ գործողությունները ուշացած ու թերի են եղել»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան