Իրանագետ. Բանակցությունները նմանվում են իմիտացիայի
Օրեր առաջ՝ հունվարի 18-ին, ավարտվեց Իրանի և «5+1» երկրների միջև բանակցությունների հերթական փուլը Ժնևում, որը, ինչպես նախկին բոլոր բանակցությունները, չարձանագրեց էական առաջընթաց ԻԻՀ միջուկային հիմնախնդրի լուծման ուղղությամբ: Վիճահարույց խնդիրների զգալի մասն այդպես էլ մնաց չլուծված, այդ թվում՝ Իրանի կողմից ուրանի հարստացման թույլատրելի տոկոսային շեմի կապակցությամբ առկա հակասությունը:
Հուզող գլխավոր հարցը մնաց անպատասխան, այն է՝ արդյո՞ք մինչև ս.թ. մարտի վերջը կողմերը կկարողանան քաղաքական փոխհամաձայնության հանգել, իսկ մինչև հունիսի 30-ը կստորագրե՞ն հիմնախնդիրը վերջնականապես կարգավորող փաստաթուղթը՝ համաձայն նախորդ տարվա նոյեմբերին ձեռքբերված պայմանավորվածության:
Յուրաքանչյուր հանդիպումից հետո սովորական և սպասելի են դարձել կողմերի այնօրինակ հայտարարությունները, որ «բանակցություններն ընթացել են փոխըմբռնման մթնոլորտում», սակայն գործնականում էական տեղաշարժ ԻԻՀ միջուկային հիմնախնդրում չի արձանագրվում: Ըստ այդմ՝ կարելի է փաստել, որ բանակցող կողմերի համար ժամանակ երկարաձգելն այլևս դարձել է գործելաոճ, որն ընդունելի է ոչ միայն Իրանի, այլև Արևմուտքի համար: Սակայն ի՞նչ նպատակի կարող է դա ծառայել:
Միջուկային հիմնախնդրի լուծման անհրաժեշտությունն ընդգծող բանակցային սեղանի շուրջ նստած բոլոր կողմերի՝ այս դրությամբ իմիտացիոն թվացող քայլերը կարող են միտված լինել շեղելու հանրային ուշադրությունն այլ զարգացումներից, որոնք թիրախավորելը և քննարկման հիմնական առարկա դարձնելը ներկա պահին նպատակահարմար չէ: Դա է հուշում նաև այն իրողությունը, որ նույնն է պահպանվում գործընթացների զարգացման նախկին տրամաբանությունը՝ Իրանի և Արևմուտքի միջև հռետորական արվեստի հմտություններով դրսևորվող քարոզչատեղեկատվական պատերազմ և ամեն անգամ «դրական» արդյունքներ արձանագրող բանակցային իմիտացիոն գործընթաց: Հետևաբար, թվում է՝ իրավիճակի փոփոխության նախանշաններ կարող են ի հայտ գալ միայն այն ժամանակ, երբ բանակցող երկրները հրաժարվեն նախկին գործելաոճից և որդեգրած «ձեռագրից», որի հավանականությունն այս պահին այնքան էլ անիրատեսական չէ:
Ներկայում իրավիճակը տարբերվում է նախկինից. սահմանվել են հստակ ժամկետներ, որոնց սահմաններում ԻԻՀ միջուկային հիմնախնդիրը պետք է լուծում ստանա: Ճիշտ է, մինչ այդ ևս ժամկետներ են սահմանվել, սակայն նախկինում անհամեմատ ցածր է եղել հիմնախնդրի շուտափույթ լուծման ներքին հասարակական-քաղաքական պահանջարկի մակարդակը: Դա առավել ցայտուն երևում է ԻԻՀ և ԱՄՆ օրինակով: Երկու դեպքում էլ նկատելի է, որ իշխանություն իրականացնող այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս բանակցությունների շարունակականության օգտին, գտնվում են իրենց ընդդիմախոսների լրջագույն ճնշման ներքո:
ԱՄՆ-ում գործող վարչակարգի դեմ ճնշումներ են իրականացնում Կոնգրեսում մեծամասնություն կազմող հանրապետականները, որոնք քննադատում են Բ. Օբամային Իրանին զիջումներ կատարելու հարցում չափազանց պատրաստակամ լինելու մեջ, իսկ Իրանում նախագահի և նրա թիմակիցների գործողությունները «կաշկանդում է» գերագույն հոգևոր առաջնորդի և պահպանողական քաղաքական շրջանակների հոռետեսական տրամադրվածությունն առ այն, որ բանակցությունները չեն կարող տալ Իրանի համար ցանկալի արդյունք, քանի որ Արևմուտքը վստահություն չի ներշնչում:
Փաստորեն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի կողմից բանակցությունները չեն առաջարկում ԻԻՀ միջուկային հիմնախնդրի գործնական հստակ լուծումներ, մյուս կողմից սահմանվում են իրականությունից կտրված ժամկետներ, որոնք լրացուցիչ ճնշման տակ են պահում բանակցող քաղաքական ուժերին՝ պարտադրելով ուղիներ գտնել իրավիճակի փոփոխության համար: Այդ ամենը թույլ է տալիս ենթադրել, որ կողմերի «ժամանակ երկարաձգելու»՝ հավանաբար լուռ փոխհամաձայնեցված քաղաքականությունն սպառում է իրեն, իսկ դրան հաջորդող նոր գործընթացների վերաբերյալ պատկերացումները դեռևս անորոշ են:
Իրանագետ, պ.գ.թ. Ռուդիկ Յարալյան