Թուրքիան քրիստոնյաներին ճնշող երկրների շարքում է
Գերմանիայի թուրք լրագրող Էլմաս Թոփչուն գրում է, որ Թուրքիայի իշխող «Արդարությունը և զարգացում» կուսակցությունը թեև իր դժգոհությունն է հայտնում Արևմուտքում ամեն օր ուժեղացող հակաիսլամական տրամադրությունների կապակցությամբ, այնուհանդերձ Թուրքիան իր որդեգրած «ազգայնապաշտ իսլամականության» պատճառով երեք տարի շարունակ հայտնվում է քրիստոնյաներին ճնշող երկրների ցանկում: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն` հղում կատարելով Diken.com կայքին:
Թուրք լրագրողը որպես ապացույց բերում է Գերմանիայի Քելքհեյմ քաղաքի Open Doors իրավապաշտպան կազմակերպության` վերջերս հրապարակած զեկույցը, համաձայն որի ամբողջ աշխարհում 100 մլն քրիստոնյա իրենց կրոնի պատճառով ճնշումների են ենթարկվում:
Աղյուսակի առաջին հորիզոնականը գլխավորում է Հյուսիսային Կորեան: Ենթադրվում է, որ այստեղ 200-400 հազար քրիստոնյա կա, ովքեր գաղտնի դավանում են իրենց կրոնը: Հյուսիսային Կորեային են հետևում Սոմալին, Սիրիան, Իրաքը և Աֆղանստանը: Թուրքիան 50 երկրների ցանկում զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: