Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունում խորանում է հայկական թեմային առնչվող սկանդալը
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ Բարըշ Թընայը իր կուսակիցներ Սեզգին Թանրըքուլուին, Շավաք Փավեյին և Ումութ Օրանին կարգի հրավիրելու մասին բողոք-պահանջ է ներկայացրել: Պատճառն այն է, որ վերջիններս մասնակցել են «Ակոս թերթի հիմնադիր խմբագրապետ» Հրանտ Դինքի սպանության 8-րդ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երթին, որի ժամանակ ծածանվել են «Առերեսվել ցեղասպանության հետ, առերեսվիր Հրանտի հետ» գրությամբ պաստառներ:
Թընայն իր պահանջագրում նշել է, որ վերոնշյալ բովանդակությամբ պաստառների ներքո քայլերթի դուրս գալը հակասում է իրենց կուսակցության ծրագրին ու գաղափարախոսությանը: Հիշեցրել է, որ կուսակցության ծրագրում մերժվում է ցեղասպանության եղելությունը:
Թընայը նաև մատնանշել է կուսակցության կանոնադրության մի քանի հոդվածներ, որոնք խախտվել են երթին մասնակցած կուսակից ընկերների կողմից: Եվ քանի որ կարգազանցները Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներ են, ապա «ԺՀԿ»-ի կանոնադրության 68 Ա հոդվածի պահանջով կուսակցության խորհրդի կողմից պետք է ուղարկվեն «բարձրագույն կարգապահական խորհուրդ» նրանց կարգապահական տույժի ենթարկելու համար:
Ermenihaber.am-ը հայտնում է, որ թուրքական լրատվամիջոցներով լայնորեն տարածվող այս տեղեկությունը հիմնականում բնութագրվում է որպես կուսակցության համար պառակտիչ ազդեցություն ունեցող միջադեպ: