Թուրք քաղաքական գործիչ. Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակից առաջ հողեր տրամադրել հայերին
Թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչ, Ազգայնական շարժում կուսակցության (MHP) փոխնախագահ Օկթայ Վուրալը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հողեր տրամադրել հայերին:
«Ես գիտեմ, որ ԱԶԿ-ն ունի ընթացիկ նախագիծ` կապված այդ հարցի հետ: Մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ»,-Today's Zaman թերթին ասել է Վուրալը` անդրադառնալով հայկական սփյուռքի այն պնդումներին, որ Անկարայում նախագահական նախկին նստավայրը և Ստամբուլի Յեշիլքոյ (Yeşilköy) թաղամասի որոշ հողատարածքներ պատկանել են հայերին:
Թուրք քաղաքական գործչի մոտ հարց է առաջացնում, արդյոք պատահականություն է, որ կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր Յեշիլքոյում գտնվող Աթաթուրքի անվան օդանավակայանը քանդելու մասին: Բացի այդ, նախագահական նախկին նստավայրը, որը հայտնի է Չանքայայի պալատ անունով, մինչև անցյալ տարվա օգոստոսը` Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահ ընտրվելը, ծառայում էր որպես նախագահի նստավայր: Էրդողանն այժմ նստում է նոր կառուցված շենքում, իսկ նախկին նստավայրը հատկացրել է կառավարությանը:
«Արդյոք Աթաթուրքի օդանավակայանը և Չանքայա պալատը որպես հայկական սփյուռքի պահանջ կատարվելու է: Պատահականություն է արդյոք, որ այդ կառույցները դատարկվել են միևնույն ժամանակ»,-ասել է Վուրալը` ավելացնելով, որ այդ հարցը պետք է լուծեն պատմաբանները:
Ըստ նրա` հայերի պահանջներն օրինականացնելը կնշանակի, որ թուրքերը սեփական հողում ստրուկ կլինեն:
«Հայերի պահանջներն օրինականացնելը չի ծառայելու որևէ մեկի շահերին: Նրանք, ովքեր ձգտում են ուշադրության կենտրոնում պահել հին խնդիրները, պետք է իմանան, որ պատմությունը չի կարող իրականացվել առանց քաղաքական դատավարության»,-եզրափակել է թուրք քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի սեպտեմբերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հայտարարեց, որ Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսությունը Թուրքիայի սահմանադրական դատարանում հայց է ներկայացնելու` պահանջելով իր պատմական կենտրոնի` Սիսի կաթողիկոսարանի վերադարձը իր իրավատիրոջը` հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին: Թուրքիայի դատարանի կողմից այս հայցը մերժելու դեպքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը այդ որոշումը կբողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): Իսկ օրեր առաջ հայտնի դարձավ, որ ամերիկահայ Զվարթ Սուջյանը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով վերադարձնել իր մոր՝ Բասմաջյանների ընտանիքին պատկանող հողատարածքը, որի վրա գտնվում է Դիարբեքիրի օդանավակայանը: