Լոս Անջելեսում ապրիլին կայանալու է Հայոց Ցեղասպանությանը նվիրված «1915» ֆիլմի պրեմիերան
2015 թվականի ապրիլին Լոս Անջելեսում կայանալու է ռեժիսորներ Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիպյանի «1915» հոգեբանական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմում պատմվում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիների ամենասարսափելի դեպքերի՝ Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի տարհանումների ու ցեղասպանության մասին:
Ինչպես հայտնում է 1915themovie.com-ը՝ ֆիլմի նպատակն է կյանքի վերադարձնել մոռացված ցեղասպանության ուրվականներին:
«1915 թվականին, երբ Եվրոպայում սկսվեց պատերազմը, միլիոնավոր հայեր տարհանվեցին իրենց տներից և մահվան երթի ուղարկվեցին Օսմանյան Թուրքիայի անապատներ: Քաղաքները և գյուղերն հավասարվեցրին հողին, իսկ բնակիչներին մորթեցին: Հայկական քաղաքակրթության բոլոր հետքերը ջնջվեցին: 2015 թվականի ապրիլին՝ մեկ դար անց, միլիոնավոր հայեր հիշելու են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը՝ ժամանակակից պատմության առաջին ցեղասպանության, որին հաջորդեց Հոլոքոստը, Ռուանդան, Կամբոջան և Սուդանը: Այս ֆիլմը հիշողության մասին է, թե ինչ է պահատում, երբ անցյալը մերժում են, ինչ է պատահում, երբ դրան դեմ են դուրս գալիս: Քանի որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, «1915»-ը բոլորիս կոչ է անում դադարեցնել ժխտողականությունը և խիզախությամբ հանդիպել անցյալի ուրվականներին»,-ասվում է ֆիլմի պաշտոնական կայքում:
Ինչպես հայտնում է .imdb.com կայքը, ֆիլմում գլխավոր դերակատարներ են Աբգար Սիմոնյանը` Սիմոնի դերով, Անժելա Սարաֆյանը՝ Անժելայի դերով, և Սեմ Փեյջը՝ Ջեյմսի դերով: Ֆիլմի երաժշտության հեղինակը ռոք հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանն է: