ԵՏՄ-ին անդամակցությունը կապ չունի Գյումրու դեպքերի հետ. Արծվիկ Մինասյան
«Կան իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել. Հայաստանն այսօրվա տարածաշրջանում անվտանգության այլ համակարգ ցավալիորեն չունի, հետևաբար՝ այս սահմանափակումների ներքո Հայաստանի ` ԵՏՄ-ին անդամակցությունը, նախ անվտանգության հարց լուծեց»,- այսօր Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ինչ վերաբերում է տնտեսական գործոնին, ապա, ըստ պատգամավորի, եթե եվրոպական երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 33-35 տոոկոս, ապա ԱՊՀ երկրներում էլ այն 30 տոկոսի շրջանակներում է, այսինքն՝ այստեղ գրեթե ունենք հավասարազոր առևտրաշրջանառության հարաբերություններ:
«Բացի այդ, Հայաստանը դեռևս կրում է խորհրդային ժամանակաշրջանի տնտեսական հիմքը և դրա զարգացումն է միայն, որ կարող է ապահովել նույն եվրոպական շուկաներում համարժեք մրցակցություն»,- ասաց պատգամավորը:
Ա.Մինասյանի գտնում է, որ մեր այսօրվա շուկաներն ավելի համարժեք են Եվրասիական միության տնտեսական տարածքի շուկաներին, այլ խնդիր է, որ սա չդիտարկենք որպես մի վիճակ, թե այլ ելք չկա:
«Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա` առաջին հերթին օգտվելով ԵՏՄ հնարավորություններից, այնուհետև դուրս գա ԵՄ շուկաներ: Դրա հնարավորությունը մենք ունենք»,- ասաց Ա.Մինասյանը՝ հավելելով, որ հնարավորություններն օգտագործելու համար անհրաժեշտ է համապատասխան մոտեցում իշխանությունների կողմից:
Պատգամավորը նշեց, որ ցանկացած միության մեջ մտնելը պահանջում է կոնկրետ գործողություններ, քայլեր՝ սկսած տնտեսական մրցակցությունը խրախուսելուց, ավարտված՝ երկրում ամբողջական փոփոխություններ իրականացնելու մոտեցումներով:
Այդուհանդերձ Ա.Մինասյանը գտնում է, որ ԵՏՄ-ին անդամակցությունը մի շարք մարտահրավերներ է նետել, քանի որ բազմաթիվ օտարերկյա ներդրողներ կասկածանքով են վերաբերվում Հայաստանին,և չեն ցանկանում ներդրումներ կատարել մեր երկրում: Սակայն, ըստ պատգամավորի, պետք է հասկանալ, թե արդյոք դա պայմանավորված է ԵՏՄ-ով:
«Իմ խորին համոզմամբ՝ դա դրա հետ քիչ աղերս ունի: Օտարերկրյա ներդրումներ ունենալու համար երկրի ներսում պետք է լինի արդարադատության համակարգ, ներդրումների պաշտպանության և քաղաքացիական իրավունքների հարգման ինստիտուտներ: Եթե այսօր կարողանանք դա լուծել, նշանակում է մենք կօգտվենք և ԵՏՄ-ից, և աշխարհի համար կլինենք բաց ու ավելի վստահելի գործընկեր»,- նշեց Ա.Մինասյանը:
Պատգամավորը նաև նկատեց, որ ինքը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե եթե Հայաստանը չմիանար ԵՏՄ-ին, ապա տեղի չէին ունենա ոչ Գյումրու դեպքերը, սահմանին լարվածությունը, ոչ էլ` Հայաստանի տնտեսական անկումը: «Դա այդպես չէ»,- ասաց պատգամավորը: