Թուրքիան Ադրբեջանի ռազմական նման ակտիվության հարցում իր դերն ու շահերն ունի. թուրքագետ
Սահմանին լարվածությունն ու ադրբեջանական կողմի ագրեսիվությունը համաձայնեցված է Թուրքիայի հետ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից դիվերսիոն հարձակումների ակտիվությունը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը ռազմական գործողությունների և դիվերսիոն նման հարձակումների հարցում չի կարող չհամաձայնեցնել իր քայլերը թուրքական կողմի հետ, քանի որ Թուրքիայի դերն ու ազդեցությունը Ադրբեջանի ուժային համակարգում բավական մեծ է:
«Թուրքիան Ադրբեջանի ռազմական նման ակտիվության հարցում իր նպատակներն ու շահերն ունի, որոնք համաձայեցված են: Դրանցից է նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ լարվածության ստեղծումը, խուճապային տրամադրությունների ստեղծումը, ուշադրության շեղումը և այլն»,-հավելեց բանախոսը:
Բացի այդ, նրա խոսքով, երկու երկրների միջև գործում է ռազմաքաղաքական համաձայնագիր, որը նախատեսում է երկկողմ ռազմական օպերատիվ պլանավորում:
«Այս առումով կարևոր է, որ ադրբեջանական բանակում գործում են թուրքական ռազմական հրահանգիչները, որոնք հատկապես վարժեցնում ու ուսուցանում են ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումներին: Ուստի, Ադրբեջանի վերջին շրջանի խիստ ակտիվությունը, սահմանային լարվածությունն ու հաճախակի դիվերսիոն գործողությունները համաձայնեցված են թուրքական կողմի հետ, իսկ Թուրքիան այդ հարցում երկրորդային դերակատարում չունի»,-նշեց Լ. Հովսեփյանը:
Հարակից հրապարակում`
Կրկին ադրբեջանական դիվերսիա. «Հակառակորդի ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է»