Թուրք հրապարակախոսը Էրդողանի արածը կոչում է խայտառակություն, իսկ Ալևին` բռնապետ
Թուրք հրապարակախոս Բասքըն Օրանի հեղինակած հոդվածում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արժանանում է խիստ քննադատության և ամոթանքի: Ըստ Ermenihaber.am-ի` Օրանը թուրքական «Ռադիքալ» թերթում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղարկված Դարդանելի մարտերի 100 ամյակի միջոցառումների մասնակցության հրավերին:
«Թուրքիայի հպարտության առարկա հանդիսացող Դարդանելի պաշտպանական մարտերի օրը միշտ նշվել է մարտի 18-ին: Բայց այս տարի «մարտի 18»-ը նշվելու է երիտթուրք «մսագործների» կազմակերպած հայ բնակչության կոտորածների օրը խորհրդանշող ապրիլի 24-ին: Մեր հանրապետության նախագահը Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հետ գնալու է Դարդանել»,- նշում է Օրանը` հիշեցնելով բրիտանական «The Independent»-ի հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկի տված բնորոշումը.«Մեկուկես միլիոն հայերի ուրվականները քայլելու են նրանց հետ»:
Թուրք հրապարակախոսը անթույլատրելի է համարում հայերի վիշտը ծաղրելը: Փոխարենը հարկավոր է մի բան անել մեղմելու համար վերապրվող ցավերը: Ըստ հեղինակի` կարծես քիչ էր, որ 2014-ի ապրիլին Էրդողանն անընդունելի ձևակերպումնով ցավակցագիր հղեց հայ զոհերի ժառանգներին, հիմա էլ այդ խայտառակությանը գումարվեց նորը, որը վատթարացնում է առանց այդ էլ առկա վատ վիճակը»:
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 24-ին հրավիրում է Դարդանել: Սա ի՞նչ տեսակ բան էր, ամոթ է: Դիմակահանդեսին (նկատի ունի բարձրաստիճան հյուրերին ընդունելու Էրդողանի նոր արարողակարգը- խմբ.) համաձայն էինք, բայց այս խայտառակությունը չափից դուրս է»,- դժգոհություն է հայտնում թուրք հրապարակախոսը: