«Պարույր Սևակ ծնող ժողովրդի արգանդը երբեք ամուլ չի մնա»...(լուսանկարներ, տեսանյութ)
«…Պարույր Սևակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»...»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը:
1924 թվականի հենց այս օրն է ծնվել Պարույր Սևակը (Ղազարյանը) Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։
Բանաստեղծի կենդանության օրոք իբրև նրա ծննդյան օր միշտ նշվել է հունվարի 26-ը: Բայց անընդհատ խոսվել ու ասվել է, որ նա ծնվել է հունվարի 24-ին, իսկ հունվարի 26-ը եղել է Պարույր Սևակի ծննդյան գրանցման օրը: Բանաստեղծի բոլոր փաստաթղթերում, ինչպես զանազան կարգի նշումներում, իբրև ծննդյան օր նշված է 1924թ. հունվարի 26-ը: Բայց «Սայաթ-Նովան և միջնադարյան տաղերգությունը» անավարտ ուսումնասիրության ձեռագրում, որ բանաստեղծի ամենավերջին ձեռագրերից է, 1971թ. հունվարի 24-ի նշումի կողքին Պարույր Սևակը ավելացրել է՝ «ծննդյանս օրը»: Ճիշտը, ամենայն հավանականությամբ, հունվարի 24-ն է:
Ծանոթագրությունը՝ Ալբերտ Արիստակեսյանի:
Հինգ տարեկան էր Պարույրը և արդեն կարդում ու գրում էր, բայց առանց դպրոց գնալու։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձևով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930թ․, թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ։ Դպրոցը գյուղական երեխայի առջև բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար։
«Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ հատիկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականության դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին․․․»։
«Դու ընդամենն անհնար էիր, բայց ինչպիսի՛ անհնար: Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում, ու բնության ուժն է բերում ժողովրդին: Եվ սիրում էինք քեզ, որովհետև չէինք կարող բնությանը չսիրել...
Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից»,- ասել է մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը:
Աշակերտական նստարանից սկսած, իսկ համալսարանական տարիներին ու հետագայում առավել ևս, գիրքը՝ վեպ լիներ, թե բանաստեղծությունների ժողովածու, պատմագիտական ուսումնասիրություն, թե փիլիսոփայական տրակտատ, միևնույնն է, ինչ էլ կարդալիս լիներ՝ մատիտը կամ գրիչը անբաժան էին նրանից։ Բնավ չէր հավանում այն գրքերը, որտեղ մատիտը պետք չէր գալիս։ Սիրում էր պոեզիան և հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին. «Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված»։
1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով ՝ Սևակը ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։
Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, որն եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում։ Այնուհետև այդպես էլ օգտագործում էր կեղծանունը և սրա կապակցությամբ իր գոհության մասին հարցին պատասխանում էր՝ եղա՜վ էլի (Հախվերդեան 1981, էջ 39)։
Սևակը նաև օգտագործել է այլ կեղծանուններ քննադատականները, ակնարկները և այլ տիպի ոչ-գեղարվեստական գործերը ստորագրելիս։ Օրինակ, «Գրական թերթում» իր ակնարկներից մեկը՝ Իմ գյուղը, տպագրել է Շավարշ Հովհաննիսյան կեղծանվամբ։
1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։
«...Ի՞նչ պատահեց քեզ և ինչո՞ւ հանկարծ «Կենսագրական խենթ» խաղ խաղացիր, վեր կացար, թողիր մեզ ու գնացիր: Գնացիր, տարար, թողածդ քիչ չէր, բայց ո՞վ գիտե տարածդ ի՛նչ էր...»,-ասել է անվանի հայ գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը:
«...Ինչպե՞ս կարելի է Պարույր Սեվակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը…: ...Պարույր Սեվակն այնպիսիններից եղավ, որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում...»,- խոսքերի հեղինակն է Վազգեն Առաջինը:
«...Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը` սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ... Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սեվակը...Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման` հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին...»,- ասել է գրող Սերո Խանզադյանը:
«Պարույր Սեվակ բախտ է, աստղ է: Ես հիացեր եմ անոր գրությունեն: ...Սեվակ թանկ է հային համար»,- ասել է Վիլյամ Սարոյանը:
«Մի ամբողջ սերնդի կյանքում ոչ ոք այնպիսի ներգործություն չունեցավ ժամանակակիցների վրա, որքան Պարույրը: Նրանց ազգային մտածողության և առհասարակ մտածողության, նրանց աշխարհզգացման, աշխարհընկալման, նույնիսկ աշխարհայացքի վրա...Մի ամբողջ սերնդի մտքերի տիրակալը եղած գրողը չի կարող հաստատորեն տեղ չբռնել իր ժողովրդի պատմության մեջ` անկախ այն պարագայից, թե ինչ է սպասում իր ստեղծագործությանն ապագայում...»,- ասել է գրականագետ Լևոն Հախվերդյանը:
«Պարույր Սեվակ ծնող ժողովրդի արգանդը երբեք ամուլ չի մնա։ Նա իր օրինաչափ դադարներն ունի միայն։ Թող Զանգակատունը շեն մնա, նոր ժամհար աշխարհ կգա անպայման»,- ասել է Ռուբեն Զարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու