Sabah. Մտահոգիչ են նրանք, ովքեր ասում են`«սպանել ենք ու էլի կսպանենք»
Թուրքական «Սաբահ» թերթի լրագրող Էմրե Աքյոզը այսօր հրապարակված իր հոդվածում անդրադարձել է ապրիլի 24-ի նշանակությանը և միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության նկատմամբ որդեգրված դիրքորոշումներին: Ըստ նրա` պատմական այդ օրվա նշանակությունը հակիրճ այսպես կարելի է բնորոշել. իշխանական «Միություն և առաջադիմություն» կուսակցությունն Օսմանյան հողերը հայերից «մաքրելու» որոշում էր կայացրել»:
«Որպես այդ ծրագրի մի մաս` 1915թ ապրիլի 24-ին հարյուրավոր ստամբուլաբնակ հայ քաղաքական գործիչներ, արվեստագետներ ու մտավորականներ ձերբակալվեցին և սկզբնական փուլում ուղարկվեցին Այաս ու Չանքըրը»:
Այնուհետև լրագրողն անդրադառնում է այն հանգամանքին, որ ցեղասպանության մասին խոսում են ոչ միայն հայերը, այլ նաև այն ճանաչել են ԱՄՆ-ի 50 նահանգներից 41-ը, աշխարհի 22 խորհրդարանները: Աքյոզը նշել է նաև, որ ԱՄՆ-ի նախագահներն ամեն տարի ապրիլի 24-ին խոսում են այս մասին, բայց «որպեսզի Անկարային չանհանգստացնեն, չեն օգտագործում «ցեղասպանություն» բառը»:
«Օրինակ` Օբաման, մինչ նախագահ դառնալը, նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործում էր «Ցեղասպանություն» բառը, բայց նախագահ դառնալուց հետո նախընտրում է հայկական «Մեծ եղեռն» տարբերակը»,- գրում է Աքյոզը:
Ըստ «Սաբահ« թերթի` ցեղասպանության ժխտման հարցում Թուրքիային աջակցող եզակի երկրների թվում է Իսրայելը, որը որդեգրել է հետևյալ կարգախոսը «Հոլոքոստը, այսինքն` նացիստների` հրեաների նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը եզակի է և նմանը չունի»: Այս պնդումից ելնելով էլ ժխտում է որևէ այլ ցեղասպանության գոյության փաստը: Իսկ այդ առիթով իր հասցեին արված ամեն տեսակ քննադատության պատասխանում է. «Իսկ դուք կո՞ղմ եք ցեղասպանություններին»:
Թուրք լրագրողը համոզված է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներում հայաստանաբնակ հայերի դերը փոքր է, իսկ ահա հայկական սփյուռքը, այսինքն` 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունից աքսորված հայերի թոռները լայնածավալ նախաձեռնություններ կյանքի կկոչեն: Իսկ Անկարայի պատասխանը դրան նախ և առաջ Չանաքքալեի (Դարդանելի) ճակատամարտին նվիրված միջոցառումներն են, որոնք այս տարի կանցկացվեն ապրիլի 24-ին:
«Երբ գա ապրիլի 24-ը, հատկապես հայկական սփյուռքը կսկսի բղավել. «Ցեղասպան թուրքեր»: Իսկ Անկարան դրան կպատասխանի. «Երբ մեր զինվորները զոհվում էին, հայերը մեզ թիկունքից խփեցին.- գրում է Աքյոզն ու մտահոգություն հայտնում: - Այս քննարկումներում ինձ ամենից շատ ընկճում են նրանք, ովքեր ասում են. «Սպանել ենք, էլի կսպանենք»: