Ադրբեջանական կողմը հաղորդում է առաջնագծում իր 3 մարտական կորստի ու մի քանի վիրավորների մասին
Ադրբեջանի ԶՈւ-ն կորուստներ է կրել. զոհվել են 3 ադրբեջանցի զինծառայող, կան վիրավորներ: Այս մասին ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում:
Ըստ հաղորդագրության` Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը զոհվածներին հետմահու պարգևատրել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ կարգի մեդալով:
Այնուհանդերձ, հարկ է շեշտել, որ Ադրբեջանի ՊՆ-ն այդպես էլ չի հաղորդել զոհվածների ու վիրավորների անունները:
Ադրբեջանցի բլոգեր Հաբիբ Մունթազիրն իր հերթին իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել` տեղեկացնելով ադրբեջանական կողմի կորուստների մասին, որտեղ էլ անուններ են հաղորդվում: Համաձայն բլոգերի` զոհվածներից մեկը Զագաթալայի շրջանից զորակոչված Էլշան Էֆենդիևն է, մյուսը` ենթասպա Սանան Աղաևը` Շաբրանի շրջանից, իսկ երրորդը` Վյուղար Հասիմովը` Գաջիբուլայի շրջանից: Վիրավորներն էլ երկուսն են. Ադրբեջանի ԶՈւ կապիտան Իլղար Ասադովն ու ենթասպա Անար Ալիևը:
Ըստ տեղեկության` «հայկական կողմի կրակի հետևանքով» ականանետի արկն ընկել է Ադրբեջանի ԶՈւ դիրքեր` ամուր ծածկ ունեցող խրամատներից մեկը, որտեղ էլ եղել են այդ 3 զինծառայողները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր` ադրբեջանական կողմը շարունակում է Հայաստանի հետ սահմանին ու շփման գծում ապակայունացնող դիվերսիոն գործողություններ իրականացնել` հաշվի չնստելով սեփական մեծ թվով կորուստների հետ:
Նյութեր թեմայի շուրջ`
Դիվերսիայի փորձ՝ Տավուշում, կորուստներ չունենք. Ա. Հովհաննիսյան
«Ադրբեջանական կողմը շարունակում է իր լկտի քաղաքականությունը». Հովհաննսիյան
ՀՀ ՊՆ.Ադրբեջանն իր տեղեկատվական քաղաքականության մեջ սահմանել է փաստերի աղավաղման առավել բարձր նշաձող