«Cryostem» կազմակերպության մասնագետը ԱՆ-ում ներկայացրել է ցողունային բջիջների կիրառման գործում ձեռքբերումները
ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած քննարկմանը ԱՄՆ-ի «Cryostem» կազմակերպության մասնագետ Ֆադի Ջոզեֆ Բեջանին ներկայացրել է ցողունային բջիջների կիրառման գործում իրենց ձեռքբերումները։ Ամերիկացի մասնագետը տարբեր ոլորտների առաջատար մեր մասնագետներին ներկայացրել է, որ բիոբանկի հատուկ պայմաններում պահպանվող մարդու սեփական ցողունային բջիջները կիրառում են որոշ ծանր հիվանդությունների, նոր օրգանների կամ իմպլանտների պատրաստման, ռեգեներատիվ, հյուսվածքների վերականգնման և այլ դեպքերում։ Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
Վկայակոչելով Ջոն Հոպկինսի և ամերիկյան այլ համալսարաների ուռուցքաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնների ուսումնասիրությունների արդյունքները` բանախոսը նշել է, որ առավել արդյունավետ և անվտանգ է ցողունային բջիջների ստացումը ճարպային հյուսվածքներից։ Այն լավ աղբյուր է բազմատեսակ ցողունային բջիջների ստացման համար։ Ըստ նրա` այս դեպքում ապահովվում է առավել նպատակային արդյունք, որն ի տարբերություն ոսկրածուծից անջատված ցողունային բջիջների, ունի առավել ցածր ռիսկայնություն։
Ֆադի Ջոզեֆ Բեջանին նաև ներկայացրել է, որ «Cryostem»-ը մշակել է ճարպային հյուսվածքից ցողունային բջիջների անջատման կենտրոնի ստեղծման գաղափարը։
Կորպորացիան նման կենտրոններ ունի Հոնկոնգում, Թաիլանդում, Թուրքիայում և այլ երկրներում։ Ֆադի Ջոզեֆ Բեջանին իր կազմակերպության անունից հանդես է եկել Հայաստանում ևս տարածաշրջանային նման կենտրոն ստեղծելու առաջարկով` հաշվի առնելով մեր երկրում ցողունային բջիջների անջատման որոշակի փորձը և հեռանկարները։ Նա հայ մասնագետներին ներկայացրել է նման կենտրոնի ստանդարտ նախագիծը։
Արմեն Մուրադյանը նշել է, որ գործողությունները նախ և առաջ պետք է լինեն մեր երկրում այս ոլորտում գործող իրավական դաշտին, բարոյական և հոգևոր նորմերին համահունչ։ Նա առաջարկել է քննարկումները շարունակել Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և Ոսկրածուծի փոխպատվաստման ռեեստրի նեղ մասնագետների հետ։
Նախարարը նշել է, որ պետք է որոշում կայացնել` հաշվի առնելով բոլոր կարծիքները, առկա հնարավորություններն ու ռիսկերը։