Համազգային պետական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում և Կանադայում
Փետրվարի 3-8-ը Համազգային պետական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Կալիֆորնիայի Լոս-Անջելես քաղաքում՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության Ամերիկայի արևմտյան շրջանային վարչության հրավերով:
Համազգային պետական թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ կներկայացվի չորս ներկայացում՝ «Շխոնց Միհրան», «44 աստիճանի վրա», «Փրկության կղզի» և «Ամենալավ տունը» ներկայացումները։
Վ. Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Փրկության կղզին» լեցուն է բարության ամենափրկիչ ուժի հավատով։
Արտագաղթի ցավոտ թեմային անդրադարձող «44 աստիճանի վրա» ներկայացումն անցյալ տարի ընդգրկված լինելով թատրոնի ամերիկյան հյուրախաղերում՝ այս անգամ հատուկ հրավեր է ստացել և փետրվարի 15-ին կներկայացվի նաև Սան Ֆրանցիսկոյում։
Այս տարվա հյուրախաղերում առանձին տեղ է գրավում Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Շխոնց Միհրան» ներկայացումը։ Մ․ Խերանյանի այս հուզումնառատ երկը լի է թախիծի, կարոտի և միևնույն ժամանակ հույսի ելևէջներով։
«Ամենալավ տունը» ներկայացումը նախատեսված է դպրոցահասակ երեխաների համար։
Համազգայինի ամերիկյան հյուրախաղերին կհաջորդեն թատրոնի հյուրախաղերը Կանադայում ՝ այս անգամ Համազգային հայ կրթական և մշակութային միության Կանադայի շրջանային վարչության հրավերով։ Փետրվարի 21-ից մարտի 1-ը Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում կանադահայ համայնքին կներկայացվեն «Փրկության կղզի» և «44 աստիճանի վրա» ներկայացումները։
Ինչպես նշել է Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը. «Սա Համազգային թատրոնի պատմության մեջ ամենաերկար հյուրախաղերն են՝ մոտ մեկ ամիս տևողությամբ։ Անցյալ տարի, երբ Լոս-Անջելեսում հանդես եկանք հյուրախաղերով, արժանացանք ջերմ ընդունելության և թատերասեր ժողովրդի դրվատանքին, ինչն էլ դարձավ այս տարվա հրավերի գրավականը։ Հյուրախաղերի կայացման առհավատչյան Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության նվիրյալ աշխատանքն է, մարդկային և ֆինանսական ռեսուրսների ներդրումը, ինչի համար մեր անսահման շնորհակալությունն ենք հայտնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու