ԻԻՀ նախագահի օգնական. Հայաստանը Իրանի ռազմավարական գործընկերն է
«Հայաստանը Իրանի ռազմավարական գործընկերն է»,-այդ մասին իրանահայ «ԱԼԻՔ» օրաթերթի հաղորդմամբ հայտարարել է ԻԻՀ նախագահի հատուկ օգնական Ալի Յունեսին:
Իրանի նախագահի հատուկ օգնականը Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Տ. Տ. Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին, մասնավորապես նշել է. «Իրանահայությունը Իրանի ժողովրդի անբաժանելի մասնիկն է, որը պատմութեան ընթացքում խաղաղ գոյակցել է այլ ազգերի ու կրոնների հետևորդների հետ»:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են իրանահայությանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող խնդիրներին:
Խոսելով իրանահայ համայնքի մասին՝ Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոսը գնահատանքով է արտահայտվել իրանահայության կարգավիճակի մասին, միևնույն ժամանակ ցավով նշելով նաև արտագաղթի փաստը:
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր Երևան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Նախատեսված է նրա հանդիպումը Նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: