Ցեղասպանության 100-ամյակին նվիրված գրքի շնորհանդես Օսլոյում
«Ֆրիտ Օրդ» խոսքի ազատության նորվեգական կազմակերպության դահլիճում հունվարի 22-ին «P.E.N.» ասոցիացիայի մասնաճյուղն Օսլոյում կազմակերպել էր նորվեգացի հայտնի թղթակից, գրող, Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Յան Օտտո Յոհանսենի «Հայերի ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը:
ԱԳՆ մամուլի ծառայությւոնը հայտնում է, որ գիրքը հնարավորություն է ընձեռում նորվեգական հասարակության ավելի լայն շերտերին` ծանոթանալու Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստային տվյալներին և վերլուծական մեկնաբանություններին:
Առանձին ելույթներով հանդես են եկել իրավաբան Հեննե Սոֆի Գրեվեն, պատմաբան, նորվեգական առաջատար «Սիվիտա» վերլուծական կենտրոնի փորձագետ Բորդ Լարսենը, գրող և թուրքագետ Յուջին Շուլգինը:
Իր խոսքում Յան Օտտո Յոհանսենը նշել է, որ իր գիրքը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, և որ այն ուղղված չէ թուրքերի դեմ, չնայած որ Թուրքիայի կողմից այն ագրեսիվորեն ժխտվում է:
Բորդ Լարսենն իր ելույթում ընդգծել է, որ հայերի հետ կատարվածը միանշանակորեն ցեղասպանություն է, որն իրավական կատեգորիա է, դրանից բխող իրավական հետևանքներով:
«Հայոց ցեղասպանության իրականացումն առաջին հերթին Օսմանյան կայսրության փլուզումից հետո թուրքական ինքնության ճգնաժամի հոգեբանական ռեակցիան էր», - նշել է Բորդ Լարսենը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Հաննե Սոֆի Գրեվեն իր խոսքում նշել է. «Հայոց ցեղասպանությունը չպետք է ժխտվի: Դա ցեղասպանություն էր իր ամենադաժան դրսևորումներով»:
Շնորհանդեսին դասական երաժշտության դաշնամուրային կատարումներով հանդես եկավ դաշնակահարուհի Մարիամ Խառատյանը: Միջոցառմանը մասնակցել են հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գիտնականներ, Նորվեգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու