Այսօր սկսվում է Առաջավորաց պահքը
Այսօրվանից սկսվում է տարվա առաջին պահքը՝ Առաջավորաց պահքը, որը ժամանակային առումով հիմնականում նախորդում է Սուրբ Սարգսի տոնին: Այն տևում է հինգ օր` այս տարի մինչև հունվարի 30-ը ներառյալ: Այս մասին տեղեկանում ենք qahana.am կայքից:
Պահքը կոչվում է Առաջավորաց, քանի որ Հայ Եկեղեցու առաջին պահքն է՝ որ նախորդում է Մեծ պահքին, լինելով վերջինիս նախակարապետը: Պահեցողության այս շրջանը, ըստ Հայ եկեղեցու տոնացույցի, սկսվում է Սբ. Սարգսի տոնից 5 օր առաջ, որի պատճառով երբեմն թյուրիմացաբար կոչվում է նաեւ Սբ. Սարգսի պահք:
Առաջավորաց պահքը հաստատել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայրապետը: Ըստ ավանդության, Սուրբ Գրիգորը, ազատվելով Խոր Վիրապի տանջանքներից, պատվիրում է Տրդատ արքային ու ողջ ժողովրդին 5 օր պահք պահել ու ապաշխարել: Այնուհետեւ նա 60 օր շարունակ Տիրոջ Ս. Ավետարանն է քարոզում ամենքին և մկրտում: Եւ երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչը դառնում է Հայոց Կաթողիկոս, ի հիշատակ արքունիքի և ժողովրդի հնգօրյա պահեցողության, սահմանում է Առաջավորաց պահքը:
Թե ինչու՞ է Առաջավորաց պահքը սահմանված 5-օր, եկեղեցու հայրերը տալիս են մի քանի մեկնություններ: Նախ, որ այդպես է սահմանել Սբ. Գրիգոր Լուսավորիչը: Երկրորդ՝ քանի որ մարդ 5 զգայարաններ ունի, որոնցով մեղանչում է, ուստի այս պահեցողության շրջանը հնարավորություն է տալիս մարդուն զղջալու, ապաշխարելու եւ Աստծուն մոտենալու:
Եկեղեցական մեկ այլ ավանդությամբ, երբ Ադամը վտարվել է դրախտից, նա նույնպես 5 օր շարունակ ոչինչ չի կերել: 5-օրյա շրջանը խորհրդանշում է նաև Աստծո արարչագործության առաջին 5 օրերը, որ յուրօրինակ պահքի օրեր էին, երբ ոչ ոք ոչինչ չէր ճաշակում: Սբ. Գրային ավանդության համաձայն, այս նույն պահքն են պահել նաև Սեթ, Ենովք, Աբրահամ, Հակոբ ու Հովսեփ նահապետները:
Առաջավորաց պահքը, ինչպես և մյուս բոլոր պահոց օրերը, քրիստոնյային առիթ են ընծայում ներհայեցողության, աղոթքով և պահեցողությամբ հոգու ու մարմնի բյուրեղացման ու մաքրագործման:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները