Ոչ սթափ հակառակորդին պարտավոր ենք և, անպայման, խաղաղություն ենք պարտադրելու. ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Մինչ զեկույցներին անցնելը, նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի սահմաններն արիաբար պաշտպանելու ժամանակ զոհված մերօրյա հերոսների և արցախյան ազատամարտի տարիներին իրենց կյանքը զոհաբերած բոլոր զինծառայողների ու ազատամարտիկների հիշատակը:
Կոլեգիայի նիստում, որը նվիրված է եղել 2014թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, զորքերի ու շտաբների օպերատիվ, մարտական պատրաստության արդյունքներին, զինվորական կարգապահության վիճակին, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով:
Ներկայացնում ենք նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը պաշտպանության նախարարությունում.
«Պարոնա՛յք գեներալներ, սպաներ,
Մինչև զեկույցներին անցնելը, մի քանի խոսք եմ ուզում ասել:
Ուզում եմ սկսել նրանից, որ տարվա սկիզբը լարված էր, և մենք ականատեսն ենք հակառակորդի բազմաթիվ նախահարձակ գործողությունների: Ունեցանք ցավալի կորուստներ, որոնց համար սգում ենք՝ ընկած բոլոր տղերքի ընտանիքների և հարազատների հետ միասին: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ տղերքից յուրաքանչյուրի կյանքի համար ադրբեջանցիները թանկ են վճարելու. նրանք թանկ են վճարել, այսօր թանկ են վճարում և ապագայում այդպես էլ լինելու է:
Հակառակորդի նախահարձակ գործողությունների նպատակը ակնհայտ է: Ադրբեջանի իշխանությունը չի թաքցնում, որ քաղաքական ու ռազմական միջոցների համադրմամբ ձգտում է մշտական լարվածություն ստեղծել մեր շուրջ: Դա պարզ շանտաժի քաղաքականություն է, որի հիմնական հասցեատերը ոչ այնքան մենք ենք, որքան միջազգային հանրությունը: «Ամեն ինչ միայն ինձ» անհեթեթ գործելաոճով կատարյալ ձախողման հասնելով բանակցային գործընթացում` պաշտոնական Բաքուն փորձում է բոլորին ցույց տալ, թե ինչեր կարող է անել, եթե չբավարարվեն իր բոլոր քմահաճույքները, առանց հասկանալու, առ անց լրջորեն վերլուծելու, թե ինչպիսի սարսափելի հետևանքներ կարող է ունենալ այդ ամենը հենց իր համար: Ավելին, ամեն անգամ, երբ Հայաստանի ներսում որևէ խնդիր է առաջանում կամ ցավալի իրադարձություն է տեղի ունենում, Ադրբեջանին թվում է, թե եկել է իր աստեղային ժամը, և նա անմիջապես իրեն ցույց է տալիս առաջին գծում:
Իզուր: Շատ իզուր: Մենք քսանհինգ տարի առաջ՝ ավելի բարդ ու դժվար պայմաններում, իրենց ավել-պակաս ելույթներն ու ախորժակը տեսել ենք: Այս դահլիճում հավաքվածների մեծ մասը, վստահ եմ, հիշում են, թե ինչպիսի հոխորտանքներ էին հղում նրանք 90-ական թվականների սկզբներին, թե ինչպես էին սպառնում Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ ծածանել, նրանցից մեկն այնքան էր իրեն կորցրել, որ խոսում էր Սևանում իր ոտքերը լվանալու մասին, իսկ Շուշիից հետո ամեն շաբաթ կրկնում էին, որ կարճ ժամանակում Շուշիում թեյ են խմելու: Մենք այդ ամենը տեսել ենք: Չենք հոխորտացել, բայց մարտի դաշտում մեր գերակայությունն ենք նրանց պարտադրել: Այսօր մենք շատ ավելի պինդ ենք: Այնքան պինդ ենք, որքան երբևէ չենք եղել:
Մենք պատերազմ հրահրելու որևէ պատճառ չունենք: Մենք ինքներս միջադեպեր չենք հրահրում: Դուք դրա մասին շատ լավ գիտեք: Եվ մենք երբեք նախահարձակ չենք լինում: Դա մեզ պետք չի բնավ:
Սակայն մեր հանդեպ ձեռնարկված ցանկացած միջադեպի հետևել և հետևելու է հատուցման գործողություն: Մինչև վերջերս մեր ձեռնարկած պատասխան գործողությունները եղել են սիմետրիկ իրենց ձևով և ասիմետրիկ՝ ավելի մեծ կորուստներ հասցնելու առումով:
Այսուհետ կարող են տեղի ունենալ նաև ձևով ասիմետրիկ հատուցման գործողություններ: Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: Ավելին, մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը:
Թո՛ղ ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն: Մեզ համար արհավիրք պատրաստողի հանդեպ մենք պարտավոր ենք լինել անողոք: Կրկնում եմ՝ դիմացինի արկածախնդրու-թյունը կստիպի մեզ գնալ անդառնալի վնասների հասցման ճանապարհով:
Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են անխնա կերպով մահվան բերան ուղարկել իրենց հարյուրավոր և հազարավոր քաղաքացիների՝ միայն թե իրենց աթոռները լինեն պաշտպանված: Բայց մենք չենք կարող հանդուրժել, որ դա կատարվի մեր քաղաքացիների կյանքերի ու մեր զինվորների կյանքերի գնով: Դա չի կարող արվել մեր հաշվին:
Մենք մնում ենք այն համոզման, որ ճիշտը պայմանավորվելն է, որ ճիշտը բանակցությունները շարունակելն է, և հայտնի սկզբունքների ներքո պայմանավորվածություններ ձեռք բերելն է, իսկ դա հնարավոր է միայն զինադադարի պահպանման և վստահության կամուրջներ կառուցելու պարագայում: Կամուրջներ այրելով ոչ ոք լավ բանի չի հասել և չի հասնելու:
Ես մեկ անգամ ևս ի լուր բոլորի հայտարարում եմ. մենք պատրաստ ենք և՛ լավին, և՛ վատին: Իմ սեղանին առկա են հնարավոր բոլոր տարբերակները:
Սթափ գործընկերոջ հետ կարող ենք և պարտավոր ենք խաղաղություն բանակցել:
Ոչ սթափ հակառակորդին պարտավոր ենք և, անպայման, խաղաղություն ենք պարտադրելու»: