Բաշար Ասադ. Անհրաժեշտ է ուղղակի կապ հաստատել զինված անձանց հետ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ամերիկյան Foreign Affairs ամսագրին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ վերջին երկու տարում զգալի հաջողության են հասել ռազմական ճակատում: Սիրիայի նախագահը նշել է, որ ցանկացած պատերազմ ավարտվում է քաղաքական լուծմամբ: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը:
«Եթե շրջեք Դամասկոսի և Սիրիայի այլ քաղաքների փողոցներով, կտեսնեք, որ սիրիացիները համերաշխ ապրում են: Սիրիայի պառակտումը հիմնված չէ կոնֆեսիոնալ կամ էթնիկ հողի վրա: Խնդիրը կրոնական կամ ազգային պատկանելության մեջ չէ, այլ որոշ տարածքներում զինված խմբավորումների առկայության»,-ասել է Ասադը` ավելացնելով, որ ըստ սիրիական կառավարության, սիրիական բոլոր կողմերի միջև համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է ուղղակի կապ հաստատել զինված անձանց հետ:
«Անհրաժեշտ է հասկանալ, որ դրանց մեծ մասը «Ալ-Կաիդայի» կողմնակիցներ են, կամ էլ ԻԼԻՊ-ի ու «Ջաբհաթ Ալ-Նուսրայի» անդամներ, բացի այդ պետք է կյանքի կոչել ահաբեկչության դեմ պայքարի մասին ՄԱԿ ԱԽ-ի 2170 բանաձևը»,-շեշտել է Սիրիայի նախագահը:
Նրա խոսքով, «Ալ-Կաիդայի» կողմնակիցները պատրաստ չեն բանակցություններին, նրանք ունեն իրենց ագրեսիվ պլանները: Ասադը Արևմուտքի երկրներին կոչ է արել հրաժարվել աջակցել «չափավոր ընդդիմությանը», քանի որ բոլորին հայտնի է, որ Սիրիայում միայն ահաբեկչական խմբավորումներ են գործում: