Քաղաքագետ. Հայկական կողմը պետք է առաջ քաշի բանակցությունները շարունակելու նախապայմաններ
«Ադբեջանի նման պահվածքը կանխատեսելի էր: Բաքուն, իմ կարծիքով, նման պահվածքի համար ունի մոտ երկու տասնյակ պատճառ»,- անդրադառնալով սահմանում տիրող լարված իրավիճակին, panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Այց համատեքստում մեր զրուցակիցը առանձնացրեց դրդապատճառներից կարևորագույն երեքը:
«Առաջին հերթին դա Ցեղասպանության 100-ամյակն է: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նախորդ տարվա վերջին և այս տարվա սկզբին ադրբեջանա-թուրքական շփումները բավական ինտենսիվ էին, կարելի է ենթադրել, որ երկու պետությունների միջև կա միջազգային հանրություն ուշադրությունը Ցեղասպանության 100-ամյա տարելիցից համատեղ ջանքերով շեղելու պայմանավորվածություն»,- նշեց Հ.Մելիք-Շահնազարյանը:
Երկրորդ պատճառը, ըստ բանախոսի, Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության աշխարհաքաղաքական հետևանքներն են:
«Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ այն պահից, երբ այս կառույցը ակտիվ գործի և վերածվի լիարժեք գործող միավորման ու ի վիճակի լինի արձագանքել իր տնտեսական անվտանգությանն ուղղված բոլոր սպառնալիքներին, Հայաստանը կհայտնվի շատ ավելի ուժեղ դիրքերում: Այս պահին, քանի դեռ կառույցի անդամ երկրների մեջ առկա են որոշակի խմորումներ, Բաքուն փորձում է հնարավորինս «ընկալելի» դարձնել այն փաստը, որ միության անդամ պետությունը կարող է հայտնվել պատերազմական վիճակում և ունենալ պարբերաբար գնդակոծվող սահմաններ: Այսպիսով, Ադրբեջանը փորձում է չեզոքացնել այս կառուցում Հայաստանի անդամակցությունից բխող աշխարհաքաղաքական բոլոր հետևանքները»,- ասաց Հ.Մելիք-Շահնազարյանը:
Ըստ քաղաքագետի` երրորդ կարևոր պատճառն այն է, որ Ադրբեջանը հստակ գիտակցում է, որ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Ռուսաստանը և թե՛ ԵՄ-ն` ի դեմս Ֆրանսիայի, շահագրգռված են տեսնելու կայուն Հարավային Կովկաս և փորձում է այդ խաղաղությունը հնարավորիս թանկ «վաճառել»:
«Իր հերթին Ադրբեջանը նման գործունեությունը հնարավոր է դարձում նախևառաջ այն, որ Բաքվի նման քաղաքականության զսպման միջազգային մեխանիզմները չեն գործում: Սա պայմանավորված է ուկրաինական ճգնաժամի սրման հետևանքով Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների էլ ավելի վատթարացմամբ: Եթե նախկինում Մինսկի խմբի ձևաչափում ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան համաձայնեցնում էին իրենց տարածաշրջանային քաղաքականությունը, ապա ներկայումս Մինսկի խումբը իր վերոնշյալ գործառույթները չի կատարում»,-մանրամասնեց Հ.Մելիք-Շահնազարյանը:
Բացի դրանից, ըստ բանախոսի, Բաքվում վստահ են, որ հայկական կողմը նախահարձակ չի լինի:
«Նրանք վստահ են, որ կարող են կառավարել պատերազմի վերսկսման հետ կապված բոլոր ռիսկերը: Իմ կարծիքով, սա բավական սխալ հաշվարկ է, քանի որ միայն Ադրբեջանի գործունեությունից չէ, որ կախված է տարածաշրջանային իրավիճակը: Ես չեմ բացառում, որ հայկական կողմը նույնպես կարող է նախահարձակ լինել, մանավանդ, որ դրա մասին բարձր մակարդակով հայտարարությունները արդեն իսկ հնչեցվել են»,- ասաց Հ.Մելիք-Շահնազարյանը:
Նման պայմաններում, ըստ բանախոսի, հայկական կողմը պետք է փորձի դիվանագիտական ջանքերն ու ազդեցությունը համապատասխանեցնել ներկայիս մարտահրավերներին:
«Այժմ փաստացի օգտագործվում են Ադրբեջանին զսպելու միայն ռազմական մեխանիզմերը: Որպես լուծում կարելի է բանակցությունը շարունակելու նախապայմաններ առաջ քաշել` հայտարարելով, որ հայկական կողմը կշարունակի բանակցությունները, միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը ապացուցի, որ բանակցությունը հարկավոր են ոչ միայն ժամանակ ձգելու, այլ իսկապես խաղաղության հաստատման համար: Պետք է առաջ քաշել նաև անվտանգության նվազագույն պայմանների ապահովման պահանջ: Խոսքը առաջին հերթին վերաբերում է դիպուկահարների հեռացմանը, սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծմանը և հակահայկական հռետորաբանությունից հրաժարմանը»,- եզրափակեց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները