«Tagesspiegel» օրաթերթի անդրադարձը Հայոց Ցեղասպանության հարցում Գերմանիայի դիրքորոշմանը
Գերմանական «Der Tagesspiegel» օրաթերթը հունվարի 23-ին հրապարակել է Մաթիաս Մայսների հոդվածը՝ «Դաշնային կառավարությունը չի ցանկանում խոսել ցեղասպանության մասին» վերնագրով:
Հեղինակը հոդվածը սկսում է այն իրողության ներկայացմամբ, որ աշխարհի ավելի քան 20 երկիր հարյուր տարի առաջ տեղի ունեցած հայերի տեղահանումն ու ջարդերը հստակորեն որակել է իբրև ցեղասպանություն: Նա միևնույն ժամանակ փաստում է, որ չորս երկրում՝ Հունաստանում, Շվեյցարիայում, Սլովակիայում և Իսպանիայում ցեղասպանության ժխտումը կարող է ընդհուպ քրեորեն հետապնդվել: Դաշնային կառավարությունը, սակայն, շարունակում է չցանկանալ կիրառել «ցեղասպանություն» եզրույթը. այս մասին պարզ է դառնում թերթին տրամադրված կառավարության պատասխանից՝ ուղղված ձախերի խորհրդարանական խմբակցության հարցմանը:
Հեղինակը հակիրճ ներկայացնում է ապրիլի 24-ի էությունը, մանրամասնում օրվա նշանակությունը:
Հիշյալ դիմում-հարցումը կառավարությանն էր ներկայացրել ձախ պատգամավոր Ուլլա Յելփկեն և մի քանի այլ պատգամավորներ: Ու. Յելփկեն անընդունելի է համարում հարցի շուրջ կառավարության որդեգրած դիրքորոշումը:
Թերթին տված մեկնաբանությունում նա ասել է, թե Դաշնային կառավարությունն իր այս պնդմամբ խուսափում է համատեղ պատասխանատվություն ստանձնել այն ժամանակվա հանցագործության համար. «Քանզի Գերմանական կայսրությունը Օսմանյան կայսրության մոտ դաշնակիցն էր, ինչպես նաև մեղսակիցը և ինչ-որ չափով նաև՝ հանցակիցը»:
Հեղինակն իր հոդվածում խոսում է նաև Բունդեսթագի՝ 2005 թվականին ընդունած բանաձևի մասին, որտեղ ևս խուսափել են ուղղակիորեն կիրառել ցեղասպանություն բառը. տերմինը, այդուհանդերձ, մեկ անգամ հիշատակում են բանաձևում՝ հղում անելով «բազմաթիվ անկախ պատմաբանների, խորհրդարանների և միջազգային կազմակերպությունների»:
Կառավարության պատասխանում ասված է նաև, որ «այս պահի դրությամբ» հարյուրամյակի կապակցությամբ հիշատակի միջոցառում Դաշնային կառավարությունը չի ծրագրել:
Ձախերին տված պատասխանում կառավարությունը խոստովանում է նաև, որ սահմանափակ ձևով է հաջողվել դաշնային միջոցներով ֆինանսավորվող Լեփսիուսի տուն հետազոտական կենտրոնի շնորհիվ հաշտեցում ապահովել գերմանացիների, հայերի և թուրքերի միջև: Իբրև պատճառ առաջ է քաշվում թուրքերի գնահատականը՝ կենտրոնի հայամետ դիրքորոշում ունենալու մասին: