Հայ աշակերտները միջազգային օլիմպիադայում նվաճել են 10 մեդալ`1 ոսկե, 7 արծաթե և 2 բրոնզե
Քվանտ վարժարանի աշակերտ Ալբերտ Գևորգյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզիմաթ դպրոցի սաներ Աշոտ և Նարեկ Մովսիսյանները մասնակցել են հունվարի 11-17–ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կազմակերպված «Ժաուտիկովյան միջազգային 11-րդ օլիմպիադային»` արժանանալով երկու արծաթե մեդալի: Ա. Գևորգյանը արծաթե մեդալի է արժանացել «Մաթեմատիկա» առարկայից, իսկ Ա.Մովսիսյանը՝ «Ֆիզիկա»-ից: Այս մասին հայտնում են «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունից:
«Առաջնորդվելով գիտելիքահեն հասարակության ձևավորման տեսլականով, ինչպես նաև կարևորելով երիտասարդների հետաքրքրվածությունը ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա և այլ գիտությունների նկատմամբ՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Թի-Էս-Դի) ընկերությունը և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամը հայտնել էին իրենց պատրաստակամությունը ֆինանսավորելու երեք դպրոցականների»,- նշված է հաղորդագրությունում:
Օլիմպիադայի երեք մասնակիցները հանդիսանում են նաև «Թի-Էս-Դի» ընկերության Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբի անդամներ: Կրելով հայ մաթեմատիկոս, գիտության և կրթության ոլորտի ականավոր գործիչ Սերգեյ Մերգելյանի անունը՝ Ակումբի նպատակն է ներգրավել տարբեր մասնագիտություններով և հետաքրքրություններով երիտասարդ մասնագետների և ապագա գիտնականների, ովքեր ցանկանում են քննարկել, մշակել և իրագործել իրենց իսկ առաջադրած, ինչպես նաև «Թի–Էս–Դի» ընկերության ներկայացրած գաղափարներն ու ծրագրերը: Ակումբը համախմբել է իր շուրջը մոտ 40 ակտիվ և բանիմաց երիտասարդ հետազոտողների:
2015 թ. հունվարի 11-17–ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող «Ժաուտիկովյան միջազգային 11-րդ օլիմպիադային» այս տարի մասնակցել են 15 պետությունների մոտ 60 թիմերի մասնակիցներ, իսկ հայաստանյան դպրոցները ներկայացնող երիտասարդները նվաճել են աննախադեպ քանակի մրցանակներ՝ 10 մեդալ , որոնցից 1 ոսկե, 7 արծաթե և 2 բրոնզե:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա